⚠️
⚠️ COVID-19 համավարակը շարունակում է մնալ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ
Հունվարի 27-ին կայացած միջազգային առողջապահական կանոնների (2005) Արտակարգ իրավիճակների կոմիտեի տասնչորսերորդ հանդիպման ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենը նշել է, որ հունվարի 30-ին լրանում է կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) որպես հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ որակելու 3 տարին, և COVID-19 համավարակը շարունակում է մնալ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ՝ առողջությանը և առողջապահական համակարգերին էական վնաս պատճառելու կարողությամբ:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել է. «Քանի որ մենք մտնում ենք համավարակի չորրորդ տարին, անկասկած, մենք հիմա շատ ավելի լավ իրավիճակում ենք, քան մեկ տարի առաջ, երբ Omicron-ով պայմանավորված ալիքն իր գագաթնակետին էր: Բայց շաբաթական գրանցված մահերի դեպքերը աճում են: Անցած ութ շաբաթվա ընթացքում ավելի քան 170,000 մարդ է մահացել COVID-19-ի պատճառով, և դա ընդամենը արձանագրված մահվան դեպքերն են, մենք գիտենք, որ իրական թիվը շատ ավելի մեծ է: Մենք չենք կարող վերահսկել վիրուսը, բայց մենք կարող ենք անել ավելին բնակչության և առողջապահական համակարգերի խոցելիությունը լուծելու համար: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է բարձրացնել պատվաստումային գործընթացը (պատվաստել առավել ռիսկային խմբերի 100%-ին), բարձրացնել թեստավորման գործընթացը և շարունակել համաճարակային իրավիճակին համապատասխան միջոցառումների կիրառումը: Մենք հույս ունենք, որ այս տարի աշխարհը կանցնի նոր փուլի, որտեղ մենք հոսպիտալացումներն ու մահերը հնարավորինս ցածր մակարդակի կհասցնենք, և առողջապահական համակարգերը կկարողանան կառավարել COVID-19-ը ինտեգրված և կայուն ձևով։
Առողջապահական համակարգերը ներկայումս խիստ ծանրաբեռնված են՝ պայմանավորված COVID-19-ով, գրիպով և շնչառական սինցիտիալ վիրուսով (RSV) պայմանավորված դեպքերի բարձր մակարդակով: Այդ իսկ պատճառով պատվաստանյութերը և ախտորոշիչ միջոցները եղել և մնում են կարևոր ու առանցքային հիվանդությունների կանխարգելման գործում՝ փրկելով կյանքեր և թեթևացնելով բեռը գլոբալ առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար»:
Ելնելով վերը նշվածից առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները.
✅ պատվաստվել COVID-19-ի դեմ,
✅ ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք,
✅ կրել դիմակ,
✅ հաճախակի լվանալ ձեռքերը օճառով կամ ախտահանել,
✅ խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան,
✅ պահպանել սոցիալական հեռավորություն,
✅ հաճախակի օդափոխել փակ տարածքները: