Հունիսի 27-ին «Արմենպրես» մամուլի ակումբում տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի և ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են սպասվող շոգ եղանակին և վերջինիս դիմակայելու մեթոդներին։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը շոգ եղանակի պայմաններում խորհուրդ է տվել խմել շատ ջուր, նվազեցնել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը, հրաժարվել գազավորված հյութերից և նշել է, որ շոգ եղանակով պայմանավորված քրտնարտադրությունն ուժեղանում է և մարդը կորցնում է շատ քանակությամբ ջուր, աղ ու սպիտակուց:
«Հետևաբար ջուր խմելը պարզապես անհրաժեշտություն է: Այստեղ ուզում եմ ընդգծել հենց ջուրը, որովհետև շատ հաճախ հյութերը, գազավորված ըմպելիքները փոխարինվում են ջրով, ինչը ճիշտ չէ: Շաքար, կոֆեին պարունակող ըմպելիքներն առանց այն էլ օրգանիզմից ջուր են կլանում: Խորհուրդ է տրվում ըմպել նաև թան, որը պարունակում է աղ և սպիտակուց»,- ասել է Նունե Բակունցը:
Մասնագետը հորդորել է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրսում գտնվելու ժամանակ անպայման ունենալ հովանոց, գլխարկ, արևապաշտպան ակնոց: Ռիսկի խմբի անձինք պետք է ուշադիր լինեն: Մասնավորապես, հղի կանանց, 65 տարեկանից բարձր անձանց, երեխաներին խորհուրդ է տրվում կեսօրին մի քանի ժամ պառկած անցկացնել:
Անհրաժեշտ է փոխել օրվա ռեժիմը, եթե ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանք է, ապա դա պետք է անել զով ժամերին, որպեսզի օրգանիզմը չծանրաբեռնվի: Փոփոխության անհրաժեշտություն կա նաև սննդակարգում, ծանրամարս, յուղոտ ուտելիքները պետք է հնարավորինս բացառել:
Նունե Բակունցն անդրադարձել է նաև դեկորատիվ ջրավազաններին: Նա ընդգծել է, որ այդ ջրավազանները նախատեսված չեն լողալու համար: «Դեկորատիվ ջրավազանների ոչ ջուրը, ոչ կառուցվածքային հնարավորությունները անվտանգ չեն, հետևաբար լողալ չի թույլատրվում: Ջուրը մաքուր չէ, չկա մշտական ախտահանում, այնտեղ կարող են լինել սուր անկյուններ, անհարթ մակերեսներ, խողովակներ, լողացողները կարող են վնասվել»,-ավելացրել է Նունե Բակունցը:
Ասուլիսի մյուս բանախոս ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն էլ իր հերթին նշել է, որ Առաջիկա հինգ օրերին, հուլիսի 2-ն էլ ներառյալ, հանրապետությունը գտնվելու է ակտիվ ջերմային ալիքի ազդեցության գոտում: Հունիսի 27-30-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը բարձրանալու է 4-5 աստիճանով: Հանրապետության տաք շրջաններում՝ Արարատյան դաշտում և Երևանում, Սյունիքի հովտային գոտիներում, արդեն հունիսի 29-ին կարող է արձանագրվել մինչև +40 աստիճան: Տավուշի հովտային գոտիներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-38-ի: Լեռնային հատվածներում առավելագույն ջերմաստիճանն այդ օրերին կհասնի 30- 34-ի, Արցախի ցածրադիր հատվածներում՝ մինչև 37 աստիճանի։
Leave a reply