Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ հիշեցնում է.
• Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է: Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն այն պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
• Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում չընդունել արևային լոգանք:
• Ցանկալի է կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց երանգների ազատ, օդաթափանց, խրախուսելի է` բամբակյա կտորից հագուստ:
• Հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
• Հեղուկներ ընդունելիս շատ չսառեցնել, ցանկալի է խմել գոլ կամ մի փոքր հովացրած:
• Հնարավորինս զերծ մնալ շաքարավազ պարունակող գազային ըմպելիքներից:
• Չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում երկար ժամանակ չգտնվել, երկարատև արևի տակ կայանված փոխադրամիջոցներում չնստել:
• երեխաներին և ընտանի կենդանիներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
• Խրախուսվում է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:
• Խուսափել ցերեկային ամենաշոգ ժամերին բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից:
• Հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա: