Իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով 2004 թվականից եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը:
Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկում է ապրիլի 26-ին և կշարունակվի մինչև մայիսի 2-ը՝ նպատակ ունենալով կարևորելու պատվաստանյութերի դերն ու նշանակությունը հանրության առողջության և բարեկեցության համատեքստում:
Այժմ, երբ հանրության ուշադրության կենտրոնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը և բնականոն կյանքին վերադառնալու ձգտումը, ի թիվս այլ կանխարգելիչ միջոցառումների, հատկապես կարևորվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկայությունը, որն արդեն լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում` հնարավորություն ընձեռելով 100%-ով կանխարգելելու հիվանդության ծանր ձևերը և մահվան դեպքերը:
Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում շարունակում են արձանագրվել պատվաuտումների միջոցով կանխարգելվող հիվանդություններ, որոնք կարծես մոռացության են մատնվել, այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումները, հասանելի են և կիրառվում են արդեն տասնյակ տարիներ:
Իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ուղղություններից է, երբ փոքր ներդրումներով ապահովվում են մեծ արդյունքներ։
Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ` դրանց վերացումը։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կտրուկ նվազել է կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը և այդ հիվանդությունների պատճառով` մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է և հասանելի:
Յուրաքանչյուր ոք պատվաստման մասին երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, և պատվաստման օգուտները գերազանցում են ռիսկերը:
Հայաստանում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, հեմոֆիլուսային Բ տիպի, ռոտավիրուսային, մենինգակոկային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, կատաղություն, որոնք ներառված են պատվաuտումների ազգային oրացույցում: Հարկ է հիշեցնել, որ Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները ռիսկի խմբերի անձանց շրջանում:
Մի´ մոռացեք այցելել ձեր տեղամասային պոլիկլինիկա:
Հիշե´ք՝ պատվաստումը վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ և անվտանգ միջոցն է:
Leave a reply