Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր, որոնք հիմնականում պայմանավորված են թունաքիմիկատների անզգույշ կիրառմամբ։
2020 թ.-ին 2019 թ.-ի համեմատ թունաքիմիկատներից թունավորման հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ (2019թ. գրանցվել էր 120 դեպք, 2020 թ.՝ 94 դեպք)։
2020 թվականին թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասը արձանագրվել է անփութության՝ անհատական պաշտպանիչ միջոցների բացակայության, ոչ ճիշտ մակնշման և պահպանման պատճառով, ինչպես նաև ծնողների անուշադրության հետևանքով:
Թունավորումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է.
- օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
- լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
- օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ թունաքիմիկատի հետ աշխատելիս (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ),
- լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին,
- չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
- թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ,
- պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ մատչելի վայրերում,
- չպահել թունավոր նյութերը և հեղուկացրիչ սարքավորումները պատահական վայրերում,
- թունաքիմիկատի խառնուրդը պատրաստել լավ օդափոխվող տարածքում,
- չփչել հեղուկացրիչի (սրսկիչ սարքի) խցանված ծայրադիրի մեջ։