Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մանրամասն ներկայացրել են կատարված և ընթացիկ աշխատանքները:

Մասնավորապես նշվել է, որ նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը Չինաստանում շարունակում է լարված մնալ: ԱՀԿ հրապարակած վերջին տվյալներով` Չինաստանում արձանագրվել է 4537 հաստատված դեպք` 106 մահվան ելքով: Իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` արձանագրվել է շուրջ 5997 հաստատված դեպք` 132-ը մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել են նաև 15 այլ երկրում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 23-ի դրությամբ չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։

Ըստ ԱՀԿ հայտարարության` դեռևս լիարժեք պարզաբանված չէ հիվանդության փոխանցման աղբյուրը. հավանական է կենդանական ծագումը, իսկ փոխանցման ուղին՝ կոնտակտային և օդակաթիլային: Չինաստանում մարդուց մարդ փոխանցումը հաստատված է, իսկ այն երկրներում, որտեղ գրանցվել են բերովի դեպքեր՝ մարդուց մարդ փոխանցում դեռևս չեն արձանագրվել:

Որպես կանխարգելիչ և սահմանափակող միջոցառում ՉԺՀ Վուհան քաղաքի նկատմամբ հայտարարել է կարատին, ինչպես նաև ժամանակավոր դադարեցվել են ուղևորափոխադրումները: Հունվարի 25-ի դրությամբ կարանտին Վուհան քաղաքում շարունակվում է, սակայն ըստ ոչ պաշտոնական աղբյուրների կարանտին է հայտարարվել նաև Չինաստանի այլ քաղաքներում:

Հայաստանում իրականացվում են հետևյալ միջոցառումները

  1. կազմակերպվում են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և ՀՀ-ում ձեռնարկվող միջոցառումների շուրջ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին)
  2. սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ քննարկման արդյունքում` վերջինիս կողմից հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք
  3. արտաքին գործերի նախարարության և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ մշակվել է հուշաթերթ, որտեղ առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց
  4. չնայան այն հանգամանքին, որ Առողջապահության նախարարությունում առկա են լաբորատոր կարողություններ կորոնավիրուսների ախտորոշման համար, սակայն, դիվանագիտական խողովակներով, լայնածավալ աշխատանքներ են իրականացվում լաբորատոր աշխտորոշիչ թեստերի ձեռք բերման ուղղությամբ` թե միջազգային կառույցների, թե առանձին երկրների հետ
  5. իրավիճակը և երկկողմ կարողությունները մշտապես քննարկվում են տարածաշրջանի գործընկերների հետ
  6. ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է հսկողությունը, հատկապես՝ Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ։ Առողջապահության նախարարության մասնագետները գործուղվել են ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար
  7. ԱՀԿ մոտեցումներին համապատասխան մշակվել է ուղևորների իրազեկման «Նոր վարակ Չինաստանում, նոր կորոնավիրուս (2019n-CoV)» վերատառությամբ պաստառ (հայերեն, անգլերեն, ռուսերեն, չիներեն)՝ հիվանդության հարուցչի, ախտանշանների և կանխարգելիչ միջոցառումների ընդգրկմամբ։ Դրանք տեղադրվել են ՀՀ պետական սահմանի անցման կետերում (օդային և ցամաքային)
  8. վերանայվել է Ծանր սուր շնչառական համախտանիշի (ատիպիկ թոքաբորբ, SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշի (MERS-CoV) վերաբերյալ առկա փաստաթղթերը՝ կորոնավիրուսի նոր ենթատեսակի տեսակետից: Ինչպես նաև ավարտին են հասցվել աշխատանքները հիվանդների վարման ուղեցույցի և բուժաշխատողների անվտանգությանն առնչվող ընթացակարգերի մշակման ուղղությամբ։

 

Leave a reply