Ամբողջ աշխարհում կամպիլոբակտերը (Campylobacter) հանդիսանում է լուծային հիվանդությունների 4 հիմնական պատճառներից մեկը: Այս մանրէն համարվում է մարդկանց մոտ գաստրոէնտերիտների (աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդություններ) առավել տարածված պատճառ:
Կամպիլոբակտերը մանրէների ցեղ է, որի ներկայացուցիչները բնակվում են մարդու և տաքարյուն կենդանիների հաստ աղիներում, հայտնաբերվում են հատկապես ընտանի կենդանիների՝ թռչունների, մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի, ջայլամների, ինչպես նաև շների և կատուների մոտ: Կամպիլոբակտեր մի շարք տեսակներ՝ մոտ 15 տեսակ, մարդու մոտ առաջացնում են աղեսատամոքսային համակարգի տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ նաև լուծային: Առավել տարածված է Campylobacter jejuni տեսակը (կամպիլոբակտերիոզ հիվանդության դեպքերի մոտ 90%), ինչպես նաև Campylobacter coli և lari տեսակները:
Մարդը կամպիլոբակտերներով հիմնականում վարակվում է կենդանական ծագման սննդամթերք, հատկապես թռչնամիս օգտագործելիս, երբ վերջինս պատշաճ ջերմային մշակման չի ենթարկվել, ինչպես նաև հում կամ վարակված կաթը խմելիս: Հիվանդության դեպքերի որոշակի մասը առաջանում է վարակված ջրի հետ շփվելիս: Հիվանդության գաղտնի շրջանը 2-5 օր է վարակվելուց հետո:
Կամպիլոբակտերիոզ հիվանդության հիմնական ախտանշաններն են լուծը (հաճախ կղանքում արյան առկայությամբ), որովայնի շրջանում ցավը, ջերմության բարձրացումը, գլխացավը, սրտխառնոցը և փսխումը: Հիվանդության տևողությունը սովորաբար 3-ից 6 օր է: Կամպիլոբակտերիոզը հազվադեպ է մահվան ելքով ավարտվում, որպես կանոն՝ ավելի ծանր է ընթանում փոքր տարիքի երեխաների, ծերերի, ինչպես նաև ծանր քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ (օրինակ՝ ՁԻԱՀ-ով հիվանդներ): Հիվանդությունը կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝ արյան վարակ (մանրէների առկայություն արյան մեջ), լյարդի և փայծաղի բորբոում, երբ վարակը ներթափանցում է համապատասխան օրգաններ:
Կամպիլոբակտերիոզի ժամանակ հատուկ բուժում չի նշանակվում, հիմնականում տարվում է պայքար ջրազրկման: հակաբակտերիալ միջոցներ նշանակվում է հիվանդության ծանր ընթացքի դեպքում և մանրէակրությունը կանխելու նպատակով:
Ինչպես խուսափել կամպիլոբակտերիոզով վարակվելուց
- Օգտագործել միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու
- Օգտագործել միայն պատշաճ ջերմային մշակված մսամթերք, ինչպես նաև կաթ:
- Սառնարանում հում սննդամթերքը առանձնացնել եփածից
- Խմել միայն մաքուր և ախտահանված ջուր, կասկածի դեպքում օգտագործել եռացնելուց հետո
- Մի լողացեք կասկածելի ջրամբարներում,
- Մշտապես լվացեք ձեռքերը հատկապես ուտելուց առաջ, զուգարանից, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո
- Եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը: