Նախորդ տարվա համեմատ Հայաստանի Հանրապետությունում 2018թ. նկատվել է դեղորայքային թունավորումների աճ 1,2 անգամ (2018թ. գրանցվել է դեղորայքային թունավորման 676 դեպք, 2017թ.՝ 577 դեպք), ընդ որում՝ Երևան քաղաքում՝ 1.3 անգամ, մարզերում՝ 1.1 անգամ:

Դեղորայքային թունավորումների հիվանդացության ցուցանիշը գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը, մասնավորապես Երևան քաղաքում՝ 1.4 անգամ, Արարատի մարզում՝ 1.4 անգամ, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում՝ 1.1 անգամ:

Դեղորայքային թունավորման դեպքերն արձանագրվել են հիմնականում ծնողի անուշադրության (35.7%), ինքնաբուժման (36.7%) և ինքնասպանության փորձի (15.4%) հետևանքով: Արձանագրված դեպքերի մնացած մասը պայմանավորված է հետաքրքրասիրության, գերդոզավորման, ոչ ճիշտ պահպանման, հղիության ընդհատման, կողմնակի ազդեցությունների և այլ պատճառներով։

2018թ. արձանագրված դեղորայքային թունավորումների հիմնական մասն արձանագրվել է մեծահասակ ազգաբնակչության (51.5%) շրջանում:

Երեխաների մոտ թունավորումներ առաջացնող դեղորայքի ցանկը բազմազան է և անկանխատեսելի, ուշադրություն գրավող յուրաքանչյուր գեղեցիկ և վառ փաթեթավորմամբ դեղ կարող է դառնալ երեխաների թունավորման պատճառ: Դեղորայքային թունավորումների դեպքերի մեծամասնությունը կապված է դեղորայքի անփույթ պահպանման, ինչպես նաև երեխաների համար դրանց հասանելիության հետ: Երբեմն մեծահասակները խաղալու նպատակով իրենք են դեղերի սրվակները տալիս երեխաներին: Հաշվի առնելով նշյալ փաստը՝ անհրաժեշտ է խիստ ուշադրություն դարձնել թունավորումներ առաջացնող նյութերի պահպանման պայմաններին և պահել երեխաների տեսադաշտից հեռու:

Երիտասարդների շրջանում շատ ընդունված է նաև ինքնաբուժումը: Ժամանակի սղության պատճառով, արագ արդյունքի ակնկալիքով ընդունվում է դեղորայքի հարվածային դեղաչափ՝ առանց բժշկի նշանակման և գերդոզավորման արդյունքում առաջանում է թունավորում: Ըստ վիճակագրության, ինքնաբուժման նպատակով քաղաքացիներն առավել հաճախ ընդունում են ցավազրկող դեղամիջոցներ, ակնթարթային արդյունք չստանալով՝ շարունակում ընդունել նույն դեղորայքի ավելի մեծ չափաբաժին կամ այլ դեղամիջոց և ակամա թունավորվում

Դեղորայքային թունավորումներից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է.

  • դեղորայք ընդունելիս խորհրդակցել բժշկի հետ,
  • ինքնուրույն չփոփոխել բժշկի նշանակած դեղորայքի չափաբաժինները և հաճախականությունը,
  • մանրամասն ծանոթանալ առանց դեղատոմսի ձեռք բերված դեղորայքի օգտագործման հրահանգների հետ,
  • ալկոհոլը չզուգակցել դեղորայքի ընդունման հետ,
  • առանց բժշկի խորհրդատվության դեղամիջոցները չզուգակցել,
  • հետևել դեղորայքի պահպանման կանոններին:
Leave a reply