Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութերն ունեն բարձր արդյունավետություն, նույնիսկ 1 դեղաչափ պատվաստումն ապահովում է բարձր արդյունավետություն առողջ ազգաբնակչության շրջանում: ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունավետության մասին են վկայում այն երկրների փորձը, որոնք արդեն ներդրել են ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրենց Պատվաստումների ազգային օրացույցում։

ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունավետության և անվտանգության վերաբերյալ Կանադայում իրականացվել են բազմաթիվ գիտական հետազոտություններ՝ օրինակ «ՄՊՎ-ի դեմ պատվաստումների վաղ դրական արդյունքները արգանդի պարանոցի դիսպլազիաների և սեռական գորտնուկների կանխարգելման գործընթացում» կոհորտային հետազոտությունը (Smith LM, et al. Pediatrics. 2015;135(5):e1131-e1140. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25917991), որն իրականացվել է Օնտարիոյում՝ թվով 260493 աղջիկների շրջանում, ընդորում 128,712 պատվաստման ենթակա և 131,781 պատվաստման ոչ ենթակա աղջիկների, որի արդյունքում հայտնաբերվել է, որ.

  • ՄՊՎ-ի դեմ պատվաստումները 44%-ով նվազեցրել են դիսպլազիաների տարածվածությունը (ՌՀ 0.56;ՎՄ 95% CI 0.36- 0.87), համապատասխանաբար՝ 1000 աղջկա հաշվարկով նվազել է մինչև 5.70 (ՎՄ՝ 95% CI -9.91 -1.50):
  • ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունքում նվազել են նաև սեռական գորտնուկները (ՎՄ 95% CI -2.54 — 0.88; ՌՀ 0.57, 95% CI 0.20 — 1.58).

Հետազոտություններ են իրականացվել նաև Ավստրալիայում, որոնք ցույց են տվել, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ներդրումից հետո Ավստրալիայում 5 տարվա կտրվածքով 93%-ով նվազել են սեռական կոնդիլոմաները /գորտնուկները/ մինչև 21 տարեկան և 21-ից 30 տարեկան կանանց շրջանում՝ նույնիսկ 1-ին դեղաչափի 83% ընդգրկվածության պայմաններում:

Կան նաև բազմաթիվ հետազոտություններ, որոնք վերաբերում են պատվաստանյութի իմունաբանական պատասխանի մեխանիզմներին և արդյունավետությանը, մասնավորապես՝ ինչպես է L1 սպիտակուցի նկատմամբ տեղի ունենում սերոկոնվերսիա, ինչպես են առաջացած պաշտպանիչ հակամարմինները պահպանվում օրգանիզմում նվազագույնը 10 տարի, ինչպես են գործընթացի մեջ ներգրավվում իմուն համակարգի հիշողության բջիջները, որի փաստն ինքնին նպաստում է ցմահ իմունիտետի ձևավորմանը, անգամ այն պարագայում, եթե ենթադրենք, որ հակամարմինների տիտրը հետագայում կնվազի: Ավելին, նշենք, որ վերջին հետազոտությունների համաձայն, որն իրականացվել է Դարոն Ջ. Ֆերիսի ( http://pediatrics.aappublications.org/content/early/2017/11/20/peds.2016-3947,
https://www.fredhutch.org/en/news/center-news/2016/08/hpv-vaccine-boosts-immune-memory.html) կողմից, ոչ միայն հերթական անգամ ապացուցվում է, որ հակամարմինները կարող են պահպանվել նվազագույնը 10 տարի, այլ նաև ներկայացվում է, այն փաստը, որ պատվաստումը կարող է նաև խթանել արդեն իսկ վարակված անձանց իմունիտետը:

ՄՊՎ պատվաստանյութի անվտանգության մասին իրականացվել են լայնածավալ հետազոտություններ նաև տարբեր երկրների մի շարք գիտնականների կողմից, որտեղ նրանք ուսումնասիրել են PubMed և Embase հարթակում տեղ գտած 2006-2016թթ. հետազոտությունների արդյունքները՝ կապված ՄՊՎ պատվաստանյութի հետ և եզրահանգել ՄՊՎ պատվաստանյութի բարձր արդյունավետության մասին ( https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4967609/ ):

Leave a reply