Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի «Ռեսուրս» մասնաճյուղում (հասցե` Դավիթ Մալյան 37) կկազմակերպվի «Հիվանդությունների կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում» սեմինար` նախատեսված Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային գործունեություն ծավալող կամ իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար։
Դասընթացի հիմնական նպատակն է հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելումը, ինչպես նաև այլ երկրներ ճանապարհորդելիս ՀՀ քաղաքացիների առողջության հետ կապված ռիսկերի նվազեցումը:
Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կընձեռի նոր գիտելիքների շնորհիվ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը և հաճախորդների վստահությունը արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն ճանապարհորդների առողջապահական ռիսկերն ըստ տարածաշրջանների և երկրների, վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրներն աշխարհում և Հայաստանում, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում դրանց կանխարգելման հիմունքները:
Դասախոսությունները կկազմակերպվեն հետևյալ թեմաներով․
- զբոսաշրջիկների առողջության պահպանման իրավական հիմքերը,
- զբոսաշրջիկների առողջապահական ռիսկերը, վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրն աշխարհում և Հայաստանում,
- ջուր և առողջություն,
- սննդային թունավորումներ, սննդի գործոնով պայմանավորված հիվանդություններ և դրանց կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում,
- աղիքային վարակիչ հիվանդությունները և դրանց կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում,
- գրիպ և այլ շնչառական վարակներ և դրանց կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում,
- անձնական հիգիենայի նշանակությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար,
- հատուկ վտանգավոր վարակները և դրանց կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում,
- սեռավարակները և դրանց կանխարգելումը,
- ճանապարհորդների շրջանում հեպատիտ Բ-ի և Ց-ի կանխարգելման հարցերը,
- տուբերկուլոզը և դրա կանխարգելումը,
- կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի տարբեր երկրներում, դրանց կանխարգելումը ճանապարհորդների շրջանում,
- վարակիչ հիվանդություններ փոխանցող հոդվածոտանիները և դրանց հանրային առողջապահական նշանակությունը,
- փոխանցողներով պայմանավորված հիվանդությունները և դրանց կանխարգելումը ճանապարհորդների շրջանում,
- մակաբուծային հիվանդությունները և դրանց կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում,
- քիմիական թունավորումներ, այդ թվում՝ բուսական և կենդանական ծագման, դրանց կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում,
- հղիների առողջապահական ռիսկերը ճանապարհորդելիս և դրանց կանխարգելումը,
- ճանապարհորդություն երեխաների հետ,
- արևահարություն, ջերմային հարված, ցրտահարություն,
- քրոնիկ հիվանդություններ, դրանց առանձնահատկությունները ճանապարհորդների շրջանում,
- առողջապահական ռիսկերը նավով ճանապարհորդելիս,
- ճամփորդությունների ընթացքում հնարավոր արտակարգ իրավիճակները և դրանց արձագանքումը:
Սեմինարի տևողությունը չորս օր է։ Ավարտին մասնագետներին կտրամադրվեն դասախոսության տպագիր նյութերը, համապատասխան վկայականներ, ինչպես նաև՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Զբոսաշրջության պետական կոմիտեի կայքերում կտեղադրվի այն զբոսաշրջային կազմակերպությունների ցանկը, որոնց աշխատակիցների առնվազն 50%-ն անցել է «Հիվանդությունների կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում» ծրագրով ուսուցում:
Սեմինարներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ներքոնշյալ խմբերից մեկում՝
- 1-ին խումբ՝ 2019 թվականի ապրիլի 2 — 5,
- 2-րդ խումբ՝ 2019 թվականի ապրիլի 9 — 12,
- 3-րդ խումբ՝ 2019 թվականի ապրիլի 16 — 19,
- 4-րդ խումբ՝ 2019 թվականի ապրիլի 22 — 26:
Դասընթացն իրականացվում է համաձայն Առողջապահության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների համատեղ հրամանի, վճարովի հիմունքներով, յուրաքանչյուր մասնակցի մասնակցության արժեքը՝ 20.000 ՀՀ դրամ։
Հարցերի և գրանցվելու համար կարող եք զանգահարել
- Լուսինե Պարոնյանին, ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոն, հեռ․)+37410) 550601, 550602, 550307,
- Անուշ Բաբայանին, Զբոսաշրջության կոմիտե, 011 597157: