ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից 2018 թ. ընթացքում էլեկտրոնային ձևաչափով իրականացվել է վարակի հսկողության տարբեր բաղադրիչների կարողությունների գնահատում հանրապետության 118 բժշկական կազմակերպություններում:
Արդյունքում պարզվել է, որ վարակի հսկողության ծրագրեր ունեցող բժշկական կազմակերպությունների թիվն ավելացել է 5-ով։ Ուսումնասիրված բժշկական կազմակերպություններից 98,3%-ում նախկին 91,6% փոխարեն առկա է վարակի հսկողության ծրագիր, որը գործադրման փուլում է: Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների գրանցման մատյան ունեցող բժշկական կազմակերպությունների թիվը ևս աճել է 8-ով։
2018 թ. ընթացքում կազմակերպվել են նաև կանխարգելման հարցերով վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, որի արդյունքում ուսումնասիրված բուժհիմնարկների նախկին 77,3%-ի փոխարեն 94,1%-ում բուժանձնակազմը վերապատրաստված է: 2018 թվականի ընթացքում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման հարցերով վերապատրաստվել է 27 բժշկական կենտրոնների թվով 633 բուժաշխատող:
Գնահատմանը մասնակցած բժշկական կազմակերպություններից 4-ում ցուցաբերվել է աջակցություն թափոնների կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ, ինչի արդյունքում թերությունները վերացվել են:
Աշխատանքներ են իրականացվել նաև հեպատիտ Բ-ի նկատմամբ բուժանձնակազմի պատվաստման գործընթացը կարգավորելու ուղղությամբ։ Մի շարք բժշկական կենտրոններում սկսվել է ռիսկի խմբի բուժանձնակազմի պատվաստման գործընթացը, տրամադրվել է պատվաստանյութ և պատվաստվել է 678 բուժաշխատող: Նվազել են թերացումները նաև բուժանձնակազմի նախնական և պարբերական բուժզննության ենթարկվելու ուղղությամբ:
Ինչպես նաև արձանագրվել է, որ 118 բժշկական կազմակերպությունից 86 (72.8%) ԲԿ-ներում բացակայում են սանհանգույցներ՝ նախատեսված սահմանափակ կարողություններով անձանց համար, իսկ 12 ԲԿ-ներ նախատեսել են առաջիկա վերանորոգման ընթացքում առանձնացնել նման սանհանգույցներ: Մեծացել է նաև ձեռքերի հիգիենայի կանոնների վերաբերյալ վերապատրաաստվածների և լաբորատոր անձնակազմի վերապատրաստումների թիվը։
2019 թ. նախատեսվում է ՀՀ բժշկական կազմակերպություններում վարակի հսկողության ծրագրի գնահատում իրականացնել ԱՀԿ-ի կողմից տրամադրված IPCAF գործիքով:
Leave a reply