Ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն` փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է: Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը նվազել է՝ 1275: Հոսպիտալացումներում դիտվում է կայունացում. հոսպիտալացված է 781 հիվանդ, 92,8%-ը`  երեխաներ են: Փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 89 կանչ:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազում է: Փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 120 երեխա (Երևան՝ 51, մարզեր՝ 69), որոնք տուն են ուղարկվել:

Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության հիվանդանոցներում առկա են նաև ծանր հիվանդներ, որոնց կլինիկական վիճակի վատացմանը նպաստում են բժշկական օգնության ուշ դիմելիությունը և ուղեկցող հիվանդությունները:

Ցավոք, վերջին 2 օրվա ընթացքում մահվան դեպք է արձանագրվել: Վերջինիս մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակը: Մահվան վերջնական արդյունքը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև գրիպով չհիվանդանալու և հետ գրիպային բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.

  • Չօգտագործել և երեխաներին չտալ հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման, քանի որ վերջիններս ցուցված չեն գրիպի բուժման համար
  • խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • մնալ տանը հիվանդ լինելու դեպքում: Երեխային թույլ չտալ հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին,
  • չզբաղվել ինքնաբուժմամբ,
  • հագնվել և երեխաներին հագցնել եղանակին համապատասխան,
  • պահպանել և երեխաներին սովորեցնել հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխել փակ տարածքները,
  • հետևել երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվանալ ձեռքերը տաք ջրով և օճառով,
  • 0-5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ:
Leave a reply