Նոյեմբերի 14-ին շաքարային դիաբետի համաշխարհային օրվան ընդառաջ այսօր Երևանի թիվ 118 ավագ դպրոցում կազմակերպվել է իրազեկման միջոցառում: Այն նվիրված էր շաքարային դիաբետի մասին տեղեկացվածության բարձրացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը։
Միջոցառումն իրականացվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ռազմավարական մոտեցումներին համահունչ՝ կարևորելով առողջ վարքագծի ձևավորումը դեռևս դպրոցական տարիքից։
Մասնակիցները ներկայացրել են շաքարային դիաբետի հիմնական տեսակները և դրանց առանձնահատկությունները: Քննարկվել են շաքարային դիաբետի կանխարգելելի ռիսկի գործոնները։ Կարևորվել են առողջ և հավասարակշռված սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը և առողջության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։
Հարց ու պատասխանի ձևով ամփոփվել է ներկայացված տեղեկատվությունը, որին ակտիվորեն մասնակցել են ներկա աշակետները:
Հատուկ ուշադրություն է դարձվել այն գաղափարին, որ առողջ սովորությունների ձևավորումը վաղ տարիքից կարող է նպաստել նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկի նվազեցմանը։ Ընդգծվել է հիվանդության մասին ճիշտ տեղեկացվածության և շաքարային դիաբետով ապրող անձանց նկատմամբ աջակցող վերաբերմունքի կարևորությունը։
Իրազեկվածություն և առողջ սովորություններ՝ դպրոցական տարիքից։