«Մեկ առողջություն»․ COP17-ի շրջանակում քննարկվել են կենսաբազմազանության և հանրային առողջության փոխկապակցված հարցերը
Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության փոխկապակցվածությունը, էկոլոգիական փոփոխություններով պայմանավորված առողջապահական ռիսկերն ու դրանց կանխարգելման համատեղ լուծումները եղել են հոկտեմբերի 23-ին «Մերիդիան» կենտրոնում կայացած քննարկման առանցքում։
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր ««Մեկ առողջություն» մոտեցումը՝ էկոլոգիական փոփոխությունների դիտարկումից մինչև առողջապահական ռիսկերի կանխարգելում․ ռազմավարական և գործնական լուծումներ» խորագրով քննարկումը։
Միջոցառման ընթացքում ընդգծվել է, որ կենսաբազմազանության պահպանությունը և հանրային առողջության պաշտպանությունը պահանջում են տարբեր ոլորտների համակարգված աշխատանք, գիտական տվյալների վրա հիմնված որոշումներ և կայուն ներդրումներ։
Առողջ էկոհամակարգերը՝ հանրային առողջության պաշտպանության հիմքում
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ մարդու առողջությունն անբաժանելի է շրջակա միջավայրի առողջությունից։ Հենց այս սկզբունքի վրա է հիմնված «Մեկ առողջություն» մոտեցումը, որը միավորում է մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության պահպանմանն ուղղված ջանքերը։
Նախարարի խոսքով՝ կենսաբազմազանության կորուստը և էկոհամակարգերի դեգրադացիան մեծացնում են հանրային առողջության սպառնալիքները, մասնավորապես՝ կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդությունների տարածման հավանականությունը։
Անդրադառնալով Հայաստանի փորձին՝ Անահիտ Ավանեսյանը կարևորել է մալարիայից ազատ երկրի՝ ԱՀԿ-ի կողմից հավաստագրված կարգավիճակի ձեռքբերումն ու պահպանումը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ կլիմայական պայմանների և բնական կենսավայրերի փոփոխությունները կարող են նոր խոցելիություններ առաջացնել տարափոխիչներով փոխանցվող հիվանդությունների նկատմամբ՝ վտանգելով հանրային առողջապահության ոլորտում ձեռք բերված արդյունքները։
Համագործակցություն, տվյալների փոխանակում և նոր տեխնոլոգիաներ
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է «Մեկ առողջություն» սկզբունքների ներառումն ազգային քաղաքականություններում և առողջապահական, շրջակա միջավայրի պահպանության ու տնտեսական ոլորտների միջև համագործակցության զարգացումը։
Անահիտ Ավանեսյանը COP17-ը դիտարկել է որպես միջազգային համագործակցությունն ընդլայնելու, ապացույցների վրա հիմնված լուծումներն առաջ մղելու և կենսաբազմազանության պահպանության ընդհանուր հանձնառությունն ամրապնդելու հնարավորություն։ Նա ընդգծել է, որ բնապահպանական քաղաքականությունը հանրային առողջապահության քաղաքականության անբաժանելի բաղադրիչն է, իսկ այսօր ընդունվող որոշումներն ուղղակիորեն առնչվում են գալիք սերունդների առողջ ու կայուն ապագային։
Բնապահպանական պարտավորություններ՝ առողջապահական նշանակությամբ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կենսաբազմազանությունը բնորոշել է որպես ընդհանուր իմունային համակարգ՝ նշելով, որ առողջ էկոհամակարգերն ապահովում են մաքուր ջուր, անվտանգ սնունդ և կայուն կլիմա։
Նրա ներկայացմամբ՝ վարակիչ հիվանդությունների դեպքերի շուրջ կեսը պայմանավորված է հողօգտագործման և գյուղատնտեսական գործելակերպի փոփոխություններով ու բնական բնակմիջավայրեր ներխուժմամբ։ Այդ գործընթացները սերտացնում են վայրի կենդանիների, գյուղատնտեսական կենդանիների և մարդկանց շփումները՝ մեծացնելով առողջապահական ռիսկերը։
Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ առկա բացերը լրացնելու համար անհրաժեշտ է ամբողջ կառավարության և հասարակության մասնակցությունը։ Ֆինանսավորման, վնասակար սուբսիդիաների բարեփոխման, աղտոտման նվազեցման և գյուղատնտեսությանն առնչվող թիրախների իրականացումը չի կարող ապահովվել միայն շրջակա միջավայրի ոլորտի պատասխանատուների ջանքերով։ «Մեկ առողջություն» մոտեցումը նա ներկայացրել է որպես այդ համատեղ աշխատանքի գործնական դրսևորում։
Անդրադառնալով Հայաստանի 2026–2030 թվականների կենսաբազմազանության նոր ազգային ռազմավարությանն ու գործողությունների ծրագրին՝ նախարարը ներկայացրել է մինչև 2030 թվականը նախատեսված մի շարք պարտավորություններ՝
• Սևանա լճի ֆոսֆորային և ազոտային աղտոտման նվազեցում՝ առնվազն 30 տոկոսով,
• առնվազն 10 գետի մաքրում պլաստիկից և կոշտ թափոններից,
• մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների արգելում և անցանկալի թունաքիմիկատների օգտագործման կարգավորում,
• առնվազն 150 հազար հեկտար արոտավայրերի և խոտածածկ տարածքների կայուն կառավարում,
• ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 20 տոկոսի պահպանություն։
Նա ընդգծել է, որ այս միջոցառումներից յուրաքանչյուրն ունի միաժամանակ և՛ բնապահպանական, և՛ առողջապահական նշանակություն։
Քաղաքական հանձնառությունից՝ գործնական ծրագրեր և կայուն ներդրումներ
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան կարևորել է Հայաստանի նախագահության շրջանակում կենսաբազմազանության, էկոհամակարգերի և առողջության հարցերին նվիրված միջոցառման անցկացումը։ Նրա գնահատմամբ՝ անդամ պետությունների ու գործընկերների մասնակցությունը և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավվածությունն արտահայտում են «Մեկ առողջություն» մոտեցումը գործնականում իրականացնելու հանձնառությունը։
Սիդհարթա Դատտան ընդգծել է, որ կենսաբազմազանության, էկոհամակարգերի և առողջության փոխկապակցված մարտահրավերները հնարավոր չէ լուծել մեկ ոլորտի ուժերով։ Այս առումով նա Հայաստանի օրինակը գնահատել է որպես տեղական առաջնորդության դրսևորում՝ համաշխարհային ազդեցության հեռանկարով։
Նա նաև նշել է, որ քաղաքական հանձնառությունը պետք է ամրապնդվի համապատասխան և կայուն ֆինանսական ներդրումներով։ Նրա խոսքով՝ համաշխարհային ՀՆԱ-ի կեսից ավելին կախված է բնությունից, հետևաբար կենսաբազմազանության շարունակվող կորուստը սպառնում է պարենային անվտանգությանը, մարդկանց ապրուստի միջոցներին, առողջությանը և երկարաժամկետ տնտեսական կայունությանը։
COVID-19-ը, Հայաստանում Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման դեպքերը և Կենտրոնական Աֆրիկայում էբոլայի բռնկումը նա ներկայացրել է որպես առողջապահական ռիսկերի իրական լինելը փաստող օրինակներ։
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը շեշտել է, որ «Մեկ առողջություն» մոտեցումը պետք է ամրագրվի ազգային քաղաքականություններում, ինստիտուցիոնալ կարգավորումներում և գործառնական ծրագրերում՝ ապահովվելով կայուն ներդրումներով։
Համաճարակաբանական հսկողության ամրապնդում՝ նոր առողջապահական ռիսկերի կանխարգելման համար
Քննարկմանը զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը՝ ներկայացնելով էկոհամակարգերի փոփոխությունների ազդեցությունը տարափոխիչներով փոխանցվող հիվանդությունների տարածման վրա և Հայաստանի փորձը՝ դրանց կանխարգելման ու վերահսկման ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ կլիմայական և շրջակա միջավայրի փոփոխությունները, կենսաբազմազանության կորուստը, քաղաքների ընդլայնումն ու հողօգտագործման փոփոխությունները կարող են փոխել հիվանդություններ փոխանցող օրգանիզմների և դրանց տերերի տարածվածությունը, ակտիվության ժամանակահատվածներն ու հարուցիչների շրջանառությունը։ Այս պայմաններում առողջապահական ռիսկերը ձևավորվում են մարդու, վայրի ու ընտանի կենդանիների և շրջակա միջավայրի փոխազդեցությամբ, ուստի դրանց գնահատումը պահանջում է համապարփակ մոտեցում։
Անդրադառնալով մալարիայի վերացման և 2011 թվականից մալարիայից ազատ երկրի կարգավիճակի պահպանման Հայաստանի փորձին՝ Ստեփան Աթոյանը կարևորել է համաճարակաբանական զգոնության շարունակական ապահովումը։ Նա 2024 թվականին Հայաստանում արձանագրված Արևմտյան Նեղոսի տենդի բռնկումը ներկայացրել է որպես ազդակ՝ փոփոխվող էկոլոգիական պայմաններին համապատասխան համաճարակաբանական հսկողությունը, ախտորոշումն ու կանխարգելիչ միջոցառումները շարունակաբար կատարելագործելու անհրաժեշտության մասին։
ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը շեշտել է, որ նոր և փոփոխվող առողջապահական սպառնալիքների վաղ հայտնաբերման համար անհրաժեշտ է համադրել կլինիկական, համաճարակաբանական, միջատաբանական, անասնաբուժական և շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալները։ Լաբորատոր կարողությունների ամրապնդումը, տվյալների համատեղ վերլուծությունն ու ռիսկերի միջոլորտային գնահատումը հնարավորություն են տալիս ժամանակին հայտնաբերել վտանգները և կազմակերպել համակարգված արձագանք։
Ստեփան Աթոյանը կարևորել է ոլորտների և գերատեսչությունների միջև տվյալների փոխանակումը, փոխգործունակ թվային հսկողության գործիքների զարգացումը, դաշտային հետազոտությունների ու լաբորատոր կարողությունների հզորացումը և կենսաբազմազանության, կլիմայի ու առողջապահության ոլորտների ծրագրերի փոխհամաձայնեցումը։ Նրա զեկույցի առանցքային ուղերձն էր՝ «Մեկ առողջություն» մոտեցումը գործնականում կիրառելու համար անհրաժեշտ է առանձին գործող համակարգերից անցնել համատեղ վերլուծության և համակարգված գործողությունների։






