Նոր ուսումնական տարին նոր դասերի, հանդիպումների ու առօրյա ռեժիմի վերադարձ է։ Իսկ դպրոցական միջավայրում երեխաները նաև ավելի շատ են շփվում միմյանց հետ, երկար ժամանակ անցկացնում փակ տարածքներում, ուստի առողջ սովորությունները հատկապես կարևոր են։
Նոր ուսումնական տարին սկսենք նաև առողջ սովորություններով․
1️⃣ Հաճախ և ճիշտ լվանալ ձեռքերը 🧼
Սովորեցրեք երեխային ձեռքերը լվանալ օճառով և ջրով՝ հատկապես ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, ինչպես նաև հազալուց, փռշտալուց կամ քիթը մաքրելուց հետո։ Եթե օճառն ու ջուրը հասանելի չեն, կարելի է օգտագործել սպիրտային հիմքով ձեռքերի ախտահանիչ միջոց։
2️⃣ Հազալ և փռշտալ անվտանգ ձևով 🤧
Հազալիս կամ փռշտալիս բերանն ու քիթը պետք է փակել անձեռոցիկով կամ արմունկի ծալքով, ոչ թե ափով։ Օգտագործված անձեռոցիկն անհրաժեշտ է անմիջապես նետել աղբամանը, այնուհետև լվանալ ձեռքերը։
3️⃣ Բավարար քնել 😴
Քնի կանոնավոր ռեժիմը կարևոր է երեխայի ֆիզիկական և մտավոր առողջության համար։ Դպրոցական օրերին ցանկալի է պահպանել քնելու և արթնանալու հնարավորինս կայուն ժամեր։ Քնելուց առաջ էկրանային ժամանակի սահմանափակումը ևս կարող է օգնել ավելի հանգիստ քնել։
4️⃣ Շարժվել և առողջ սնվել 🍎🏃
Օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվությունը, բազմազան սնունդը և բավարար քանակով ջրի օգտագործումը առողջ առօրյայի կարևոր բաղադրիչներն են։ Դպրոցական պայուսակում քաղցր ըմպելիքի փոխարեն նախընտրելի է ունենալ ջուր, իսկ հնարավորության դեպքում՝ առողջ միջանկյալ սնունդ։
5️⃣ Հիվանդության ախտանշանները չանտեսել 🌡️
Եթե երեխան ունի ջերմություն, արտահայտված թուլություն կամ այլ ախտանշաններ կարևոր է գնահատել նրա առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում դիմել բուժաշխատողի։ Հիվանդ երեխայի՝ դպրոց չհաճախելը նաև օգնում է նվազեցնել վարակի փոխանցման հավանականությունը մյուս երեխաներին։
💡 Եվ ևս մեկ կարևոր հիշեցում ծնողներին.
Հետևեք երեխայի՝ տարիքին համապատասխան պլանային պատվաստումների կարգավիճակին։ Պատվաստումները վարակիչ հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են։
Նոր ուսումնական տարին սկսենք ոչ միայն նոր գրքերով ու նպատակներով, այլև առողջ սովորություններով։
Առողջ սովորությունները նույնպես սովորում ենք մանկուց