ԷԲՈԼԱ ԲՈՒՆԴԻԲՈՒԳՅՈ․ ԱՀԿ-Ն ԹԱՐՄԱՑՐԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Միջազգային առողջապահական կանոնների արտակարգ կոմիտեն օգոստոսի 18-ին երկրորդ անգամ քննարկել է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում (ԿԺՀ) Էբոլա Բունդիբուգյո վիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը։

📌 ԱՀԿ-ն հրապարակել է լրամշակված ժամանակավոր առաջարկություններ՝ ուղղված համաճարակի վերահսկմանը և հիվանդության միջազգային տարածման ռիսկի նվազեցմանը։

🌍 Ի՞նչ իրավիճակ է ներկայում

Էբոլա Բունդիբուգյո վիրուսային հիվանդության համայնքային փոխանցումը ներկայում շարունակվում է միայն Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում։

Օգոստոսի 25-ի դրությամբ Կոնգոյի Ժողովրդավարարական ​​Հանրապետությունում գրանցվել է էբոլայի՝

5656 հաստատված դեպք
2715 հաստատված մահ

Ուգանդան հայտարարել է իր տարածքում բռնկման ավարտի մասին։ Այլ երկրներում Էբոլա Բունդիբուգյո վիրուսային հիվանդության համայնքային փոխանցում ներկայում չի արձանագրվում։

⚠️ ԱՀԿ-ն ԿԺՀ-ում հիվանդության տարածման ռիսկը գնահատում է շատ բարձր, իսկ ԿԺՀ-ին սահմանակից երկրների համար՝ բարձր։

Բարձր ռիսկի խմբում են՝ Անգոլան, Բուրունդին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Հանրապետությունը, Ռուանդան, Հարավային Սուդանը, Տանզանիան, Ուգանդան և Զամբիան։

🇦🇲 Ի՞նչ ռիսկ կա Հայաստանի համար

ԱՀԿ-ի գնահատմամբ՝ ԿԺՀ-ին չսահմանակցող մյուս պետությունների համար ռիսկը գնահատվում է ցածր։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության համար ևս Էբոլա Բունդիբուգյո վիրուսային հիվանդության տարածման ռիսկը գնահատվում է ցածր։

✈️ Ի՞նչ է խորհուրդ տրվում ճանապարհորդությունների դեպքում

ԱՀԿ-ն ներկայում չի առաջարկում դադարեցնել չվերթները Էբոլա Բունդիբուգյո վիրուսի համայնքային փոխանցում ունեցող երկրից կամ մերժել այդ երկրից ժամանող ճանապարհորդների և տրանսպորտային միջոցների մուտքը։

Միաժամանակ խորհուրդ է տրվում խուսափել ոչ անհրաժեշտ ճանապարհորդություններից այն տարածքներ, որտեղ առկա է հիվանդության համայնքային փոխանցում։

🩸 Ինչպե՞ս է փոխանցվում Էբոլան

Էբոլան չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով սովորական շփման ընթացքում։

Վարակը կարող է փոխանցվել վարակված անձի արյան կամ այլ կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման, ինչպես նաև դրանցով աղտոտված առարկաների և մակերեսների հետ շփման հետևանքով։

❗ Կարևոր է հիշել․ հիվանդությամբ վարակված անձը վարակիչ է դառնում ախտանշանների ի հայտ գալուց հետո։

🔎 ՀՀ առողջապահական համակարգը շարունակում է հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և ԱՀԿ-ի թարմացված առաջարկություններին։

ՀՎԿԱԿ-ը հորդորում է հետևել պաշտոնական տեղեկատվությանը և Էբոլա Բունդիբուգյո վիրուսային հիվանդության համայնքային փոխանցում ունեցող տարածքներ ուղևորություն նախատեսելիս հաշվի առնել առկա համաճարակաբանական ռիսկերը։ Այդ տարածքներից վերադառնալուց հետո 21 օրվա ընթացքում առողջական գանգատների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության և տեղեկացնել վերջին ուղևորության մասին։

 

 

 

Բնակչության իրազեկում

Հիվանդություններ, որոնք դեռևս հաղթահարված չեն
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել