Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Վիրուսաբանության լաբորատորիան արժանացել է ԱՀԿ արտաքին որակի գնահատման ծրագրի հավաստագրի։
Ծրագիրն ԱՀԿ-ի պատվիրակմամբ իրականացնում է Հոնկոնգի (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) Առողջապահության դեպարտամենտի Առողջապահության պաշտպանության կենտրոնը։
Հավաստագիրը շնորհվել է որպես բարձր գնահատական արտաքին որակի գնահատման ծրագրերի (External Quality Assessment Programme, EQAP) հաջող և լիարժեք ավարտի համար։ Դրանք են․
-ԱՀԿ Գլոբալ գրիպի հսկողության և արձագանքման համակարգի (GISRS) շրջանակներում իրականացվող՝ գրիպի վիրուսների հայտնաբերման RT-PCR մեթոդով արտաքին որակի գնահատման ծրագիր
-Սուր ծանր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2-ի (SARS-CoV-2) հայտնաբերման RT-PCR մեթոդով արտաքին որակի գնահատման ծրագիր
Նշված ծրագրերը հանդիսանում են ԱՀԿ կողմից իրականացվող միջազգային որակի վերահսկման կարևոր մեխանիզմներ, որոնք ուղղված են լաբորատոր ախտորոշման համակարգերի ճշգրտության, հուսալիության և համադրելիության ապահովմանը գլոբալ մակարդակում։
Ծրագրի նշանակությունն ու հնարավորությունները․
Արտաքին որակի գնահատման այս ծրագրերը լաբորատորիաներին տալիս են մի շարք առանցքային հնարավորություններ՝
Ախտորոշման ճշգրտության միջազգային գնահատում․ հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն գնահատել RT-PCR թեստավորման արդյունքների ճշգրտությունը՝ համեմատելով դրանք միջազգային ստանդարտների հետ։
Համադրելիություն գլոբալ համակարգերի հետ․ ապահովում է, որ ազգային լաբորատորիայի արդյունքները լինեն համադրելի ԱՀԿ GISRS համակարգի և այլ երկրների լաբորատորիաների տվյալների հետ, ինչը կարևոր է համաշխարհային համաճարակաբանական հսկողության համար։
Կարողությունների և որակի բարելավում․ բացահայտում է հնարավոր տեխնիկական կամ մեթոդաբանական շեղումները, թույլ տալիս կատարել ուղղումներ և շարունակաբար բարձրացնել լաբորատոր աշխատանքի որակը։
Մասնագիտական զարգացում․ նպաստում է լաբորատոր մասնագետների հմտությունների կատարելագործմանը՝ ստանդարտացված և վերահսկվող նմուշների վրա աշխատանքով։
Հանրային առողջապահական համակարգի ամրապնդում․ բարձրացնում է վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և արձագանքման համակարգերի վստահելիությունը՝ ապահովելով ավելի արդյունավետ վերահսկում և կանխարգելում։
Վիրուսաբանության լաբորատորիայի այս հաջողությունը վկայում է ոչ միայն տեխնիկական բարձր կարողությունների, այլ նաև միջազգային համագործակցության մեջ ակտիվ ներգրավվածության և հանրային առողջապահության ոլորտում շարունակական որակի ապահովման հանձնառության մասին։