ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ քիմիական թունավորումների դեպքայնությունը նվազել է 1.1 անգամ, մասնավորապես՝ ալկոհոլային, թունաքիմիկատներից, դեղորայքային և այլ քիմիական նյութերից թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ: Երևանում՝ 1.2 անգամ, իսկ մարզերում՝ 1.1 անգամ:
Միաժամանակ, դեպքերի 55.1%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 44.9%-ը՝ կանանց: Դեպքերի մեծ մասը՝ 64.9%-ը, գրանցվել է մեծահասակների, իսկ 35.1%-ը՝ մանկահասակ բնակչության շրջանում:
Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով հորդորում ենք.
- թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ),
- լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին,
- չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
- թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ,
- պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ հասանելի վայրերում:
- դեղորայքը պահել երեխաների համար ոչ հասանելի տեղում՝ երեխայի տեսադաշտից դուրս,
- յուրաքանչյուր օգտագործումից հետո հավաքել և պահել դեղորայքը,
- դեղորայք ընդունելիս խորհրդակցել բժշկի հետ,
- ինքնուրույն չփոփոխել բժշկի նշանակած դեղորայքի չափաբաժինները և հաճախականությունը,
- ալկոհոլը չզուգակցել դեղորայքի ընդունման հետ,
- առանց բժշկի խորհրդատվության` դեղամիջոցները չզուգակցել,
- հետևել դեղորայքի պահպանման կանոններին: