2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, մասնավորապես՝ խմբակային դեպքեր և բռնկումներ չեն արձանագրվել:
Տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 2 անգամ՝ համաճարակաբանորեն կապված դեպքեր չեն արձանագրվել:
Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա ևս գրանցվել է դեպքերի նվազում նախորդ տարվա համեմատ, մասնավորապես՝ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը գրեթե 3.6 անգամ, գրիպի և հետգրիպային բարդություններով, թոքաբորբով հիվանդների հոսպիտալացումը վերակենդանացման բաժանմունքներ 1.7 անգամ, իսկ սուր շնչառական վարակներով հոսպիտալացման դեպքերը նույնն են:
Ամանորին արձանագրվել է ալկոհոլային թունավորման 14 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 1,2 անգամ։
Արձանագրվել է շմոլ գազից թունավորման 8 դեպք` 18 տուժածով: Պատկերը նույնն է նախորդ տարվա համեմատ։
Չնայած ներկայացված տվյալները փաստում են, որ իրավիճակը վերահսկելի է, այնուամենայնիվ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է.
- խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,
- չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
- հագնվել եղանակին համանունչ,
- պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխել փակ տարածքները,
- հետևել անձնական հիգիենային,
- լվանալ և ախտահանել բոլոր մակերեսները, խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվելու են սնունդ պատրաստելիս,
- տարանջատել սննդամթերքը, հում սննդամթերքի մշակման համար օգտվել խոհանոցային առանձին պարագաներից,
- պահպանել սննդամթերքը փակ տարաներում, հում և պատրաստի սննդամթերքի շփումը բացառելու համար,
- պատրաստի սնունդը չպահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում 2 ժամից ավելի,
- լավ լվանալ բանջարեղենը և մրգերը, հատկապես եթե դրանք մատուցվելու են հում վիճակում,
- չօգտագործել պահպանման ժամկետը լրացած սննդամթերք,
- շմոլ գազից թունավորումներից խուսափելու համար ոչ մի դեպքում չանջատել հատուկ սարքերը,
- գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդ և օդափոխել տարածքը,
- բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
- գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,
- խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ,
- գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը: