Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ շտապ օգնության կանչերում։ Առավել բարձր ակտիվություն է արձանագրվել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում։
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 2․2 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 անգամ։ Ըստ տարիքային խմբերի վերլուծությունը փաստում է, որ հիվանդացությունն առավել բարձր է՝ մինչև 4 և 5-14 տարեկանների շրջանում։
Դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերջին 4 շաբաթվա ընթացքում լաբորատոր հաստատվել է գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 76 դեպք, որից 30-ը՝ հղիների շրջանում։
Սուր շնչառական վարակներով, չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.
- պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային։
Հիշեցում. Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները անվճար են, կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով:
Leave a reply