Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա 40-րդ շաբաթից սկսվել է գրիպի և սուր շնչառական վարակների 2019-2020թթ. սեզոնը։
Նշված հիվանդություններով պայմանավորված իրավիճակի զարգացման միտումներին հետամուտ լինելու նպատակով՝ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից իրականացվում է մշտադիտարկում։ Համաձայն մշտադիտարկման արդյունքների սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակն օրինաչափ և համահունչ է ներկայիս սեզոնին։
2019 թվականին հոկտեմբերին արձանագրված սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշները 2018թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում են միևնույնույն մակարդակի վրա։
Հարկ է նշել, որ չնայած հիվանդացության ցածր ինտենսիվության, այսօր համեմատաբար բարձր ցուցանիշներ գրանցվում են է 0-4 տարեկան երեխաների շրջանում։
Ինչ վերաբերում է ներկայումս շրջանառող գրիպի և սուր շնչառական վարակների հարուցիչներին, ապա պետք է նշել , որ համաձայն լաբորատոր հետազոտության արդյունքների հանրապետությունում այսօր գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վիրուսների հարուցիչներ՝ պարագրիպ, ռինովիրուս, բոկավիրուս և այլն։
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է.
- խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- մնալ տանը հիվանդ լինելու դեպքում,
- հիվանդ լինելու դեպքում հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,
- չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ վերջիններս ցուցված չեն գրիպի բուժման համար,
- հագնվել եղանակին համանունչ,
- պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխել փակ տարածքները,
- հետևել անձնական հիգիենային: