Հայաստանի տարածքում այս տարվա 1-ին կիսամյակում արձանագրվել է սնկից թունավորման 7 դեպք՝ 18 տուժածով, որից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 1 դեպք՝ 2 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է սնկից aթունավորման 32 դեպք՝ 43 տուժածով:
Սննդային թունավորման դեպքերը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարության մասնագետները տեղերում իրականացրել են բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
Հիշեցնենք, որ սնկից թունավորման կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուտինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարում: Հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։
Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է.
- սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
- չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
- ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
- սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
- չուտել հում սունկ,
- երեխաներին չկերակրել սնկով,
- աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
- սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
- թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
- չզբաղվել ինքնաբուժմամբ։