Սիբիրյան խոցը` վարակիչ, մանրէային ծագման, զոոնոզ հիվանդություն է:
Վարակի աղբյուրը` խոշոր և մանր եղջերավորները, ձիերը և ուղտերը:
Հիվանդության ընթացքում կենդանիները արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, որը դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց: Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի:
Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը և դրանցից կազմված առարկաներն իրենցից երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում:
Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը և մսամթերքը սննդում կիրառելիս, անկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի և այլնի հետ ուղղակի շփման հետևանքով, հիվանդ կենդանիներին խնամելիս:
Հնարավոր է նաև վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման և սպորներ պարունակող աէրոզոլներ շնչելու հետևանքով:
Հիվանդ մարդը համաճարակաբանական նշանակություն չունի:
Տարբերում են սիբիրյան խոցի 4 կլինիկական ձև՝
Մաշկային՝ ամենահաճախ հանդիպող կլինիկական ձևն է: Այն զարգանում է խախտված մաշկի միջոցով սիբիրյան խոցի սպորների թափանցելու հետևանքով:
Ախտանշաններ՝ տենդ, մանր բշտերի և խոցերի խումբ, որոնց շրջանում առկա է քորի զգացողություն, մաշկի անցավ խոց՝ սև կենտրոնով, այտուց խոցի շուրջը:
Ստամոքսաղիքային՝ զարգանում է, երբ մարդը սննդում օգտագործում է բավարար ջերմային մշակման չենթարկված վարակված կենդանու միս և ենթամթերք:
Ախտանշաններ՝ տենդ, պարանոցի և պարանոցային ավշային հանգույցների այտուց, ցավ կոկորդում, ցավոտ կլման ակտ, խրպոտություն, սրտխառնոց և փսխում, հատկապես՝ արյունային, դիարեա կամ արյունային լուծ, գլխացավ, որովայնի ցավ, ուշագնացություն, որովայնի (ստամոքսի) այտուց:
Ինհալյացիոն՝ զարգանում է, երբ մարդը շնչում է սիբիրյան խոցի սպորներ:
Ախտանշաններ՝ տենդ, կրծքավանդակում տհաճ զգացողություն, հևոց, գիտակցության խառնվածություն կամ գլխապտույտ, հազ, ցավ կրծքավանդակի ստորին հատվածում, սրտխառնոց, փսխում, գլխացավ, քրտնարտադրություն, հաճախ՝ առատ, ծայրահեղ հոգնածություն, մկանացավեր:
Ներարկումային՝ դիտվում է ներերակային հերոին ընդունողների շրջանում:
Ախտանշաններ՝ նման են մաշկային սիբիրյան խոցին, սակայն կարող են ախտահարվել մաշկի խորը շերտերը և մկանները:
Leave a reply