«Սեզոնային գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումներ» թեմայով իրազեկման դասընթաց՝ լրագրողների համար Առողջապահության նախարարությունը սեզոնային գրիպի և կորոնավիրուսային հիվանության (COVID-19) դեմ պատվաստումային գործընթացի բարելավման, բնակչության շրջանում պատվաստումների խրախուսման և վստահության մթնոլորտի ապահովման նպատակով կազմակերպել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար եռօրյա իրազեկման դասընթաց` «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում պատվաստումային գործընթացը. սեզոնային գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումներ» թեմայով:
Դասընթացին Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է պատվաստումային գործընթացը կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում, իսկ ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանն անդրադարձել է որոշումների կայացման գործընթացում ապացուցողական տվյալների դերին և նշանակությանը:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը խոսել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների, COVID-19-ով և սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակի մասին:
Սեզոնային գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումների կարևորության և դրանց շուրջ ստեղծված միֆերին է անդրադարձել Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանը:
Եռօրյա դասընթացն անցել է պանելային քննարկումների, տարվա ընթացքում համաճարակային իրավիճակի ամփոփ տեղեկատվության, քաղած դասերի, ինչպես նաև լրագրողների հետ խաղերի, մտքերի փոխանակման ու հարցուպատասխանների ձևաչափով:
Դասընթացի ընթացքում մասնակիցները, ըստ ցանկության, առողջապահության նախարարության շրջիկ պատվաստումային խմբի կողմից պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ։
Leave a reply