Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային կայուն իրավիճակով և դեպքերի նվազմամբ պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը և այն հանգամանքը, որ մի շարք երկրներ արդեն իսկ մեղմացրել են երկիր մուտք գործելու սահմանափակումները, ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները։ Մասնավորապես` պետական սահմանի ցամաքային, ինչպես նաև օդանավակայաններում տեղակայված անցման կետերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս այլևս չի պահանջվի ներկայացնել ՊՇՌ կամ արագ ախտորոշիչ թեստով հետազոտության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ՝ ներառյալ գնացքների անձնակազմի, վարորդների, օդաչուների համար: Նույն որոշմամբ վերացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումների և արձակուրդների արգելքի պահանջը: Ուժը կորցրած են ճանաչվում նաև քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների արգելքը, այցելուների և ազատությունից զրկված անձանց ՊՇՌ լաբորատոր հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:
Նշված փոփոխություններն ուժի մեջ են մտնում մայիսի 1-ից։