Հայաստանի Հանրապետությունում 2019թ. մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորման 183 դեպք, որից 57 դեպքը Երևան քաղաքում, 126-ը՝ մարզերում: Որոշ մարզերում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը։
Հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է 1․7 անգամ:
Հատկապես ձմռան ամիսներին, երբ շատերը տները տաքացնում են տարբեր տիպի վառարաններով, շմոլ գազից թունավորումների հավանականությունը կտրուկ մեծանում է։ Իհարկե, նման թունավորումներից խուսափելու լավագույն միջոցը անվտանգության կանոնների պահպանումն է, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել թունավորումներից։
Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս.
- գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես մաքուր օդ դուրս գալ և օդափոխել տարածքը,
- եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,
- ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում,
- բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
- գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,
- խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ,
- գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը,
Եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում, անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի։
Նշենք, որ թունավորման առաջին նշաններն են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը և քնկոտությունը, այնուհետև՝ գլխացավ, զարկ քունքերում, ականջներում աղմուկ, փսխում, արցունքահոսություն, զարգանում է մկանային թուլություն, կոմա, ցնցումներ, հնարավոր է գրգռվածություն, դեմքի մաշկը կարմրում է, ավելի ճիշտ դառնում կապտավուն մուգ կարմիր, տեսանելի լորձաթաղանթները` մորագույն-կարմիր երանգով, նկատվում է հաճախասրտություն, ընկնում է արյան ճնշումը, շնչառությունը դառնում է մակերեսային կամ նույնիսկ դադարում։ Կարող է զարգանալ թոքերի և ուղեղի այտուց։ Այդ նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է անմիջապես մտածել թունավորման մասին, հատկապես, եթե մոտակայքում կա գազօջախ կամ գազի այլ աղբյուր։
Leave a reply