Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանցից մեկը դուրս է գրվել, իսկ մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայումս տուժածների վիճակը գնահատվում է ծանր:
Վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ:
Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները կրկին զգուշացնում են.
- սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
- չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
- ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
- սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
- չուտել հում սունկ,
- երեխաներին չկերակրել սնկով,
- աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
- սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
- չզբաղվել ինքնաբուժմամբ։