Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով:
Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։
Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.
- միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
- եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,
- օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
- խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
- մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
- օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
- լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
- գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի,
- մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:
Հարկ է նշել, որ առողջապահության նախարարությունն ակտիվ միջգերատեսչական համագործակցություն ունի պատասխանատու մարմինների հետ։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից մշակվել է «Նոր վարակ Չինաստանում, «Նոր կորոնավիրուս (2019-nCoV)»» վերտառությամբ տեղեկատվական պաստառը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ դրանք տեղադրվել են Հայաստանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում։
Միաժամանակ, առողջապահության նախարարության մասնագետները կգործուղվեն ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ըստ որի՝ հունվարի 26-ից ՍԱՏՄ-ի կողմից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք:
Leave a reply