Վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Չինաստանի կառավարությունը խոսում են կորոնավիրուսի ընտանիքին պատկանող «նոր, առեղծվածային» հիվանդության մասին:
Հետևելով իրադարձությունների ընթացքին և ԱՀԿ-ի կողմից իրավիճակի ռիսկի գնահատմանը (աղբյուր՝ https://www.who.int/csr/don/17-january-2020-novel-coronavirus-japan-ex-china/en/, հունվարի 17-ի դրությամբ), կարելի է եզրակացնել, որ «նոր կորոնավիրուսով» պայմանավորված դեպքերը սկսել են արձանագրվել 2019 թվականի դեկտեմբերից, Չինաստանի Ուուհան քաղաքում, որից հետո` Թայլանդում և Ճապոնիայում: Դեկտեմբերից մինչ օրս արձանագրվել է լաբորատոր հաստատված 41 դեպք:
Չինաստանի Ուուհան քաղաքում հիվանդության վարակի աղբյուրի պարզաբանման ուղղությամբ դեռ ուսումնասիրությունները շարունակվում են, սակայն նշվում է, որ վարակման հավանական վայրը ծովամթերքի մեծածախ առևտրի շուկան է (չնայած որոշակի պացիենտների համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջիններս չեն այցելել նմանատիպ վայրեր):
Չինաստանի, Թայլանդի, Ճապոնիայի բժշկական հաստատությունների անձնակազմի շրջանում, որտեղ հոսպիտալացվել են պացիենտները, այսօրվա դրությամբ դեպքեր չեն արձանագրվել, ինչը կարող է հաստատել այն վարկածը, որ «նոր կորոնավիրուսը» մարդուց մարդու չի փոխանցվում: Այդուհանդերձ, պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ` պարզելու, թե պացիենտներն ինչպե՞ս են վարակվել, արդյո՞ք հնարավոր է վարակի փոխանցումը «մարդուց մարդու», փոխանցման մեխանիզմները, հիվանդության կլինիկական նկարագիրը և վարակման աստիճանը՝ ներառյալ սուբկլինիկական ձևերը և այլն:
Leave a reply