Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղ և գործադիր տնօրեն Արտավազդ Վանյանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիայի տարածքում:
Նախարարին են ներկայացվել կորոնավիրուսային հիվանդության վերահսկման, ինչպես նաև նմուշառման գործընթացի, հետազոտությունների կազմակերպման աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Մանրամասնելով աշխատանքների ընթացքը` Արտավազդ Վանյանն ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է ստեղծել նաև «Զանգերի կենտրոն», որի միջոցով հնարավորություն կստեղծվի իրականացնելու ինչպես դրական դեպքերի համաճարակաբանական հետազտություններ, այնպես էլ իրազեկման աշխատանքներ կոնտակտավորների և գործատուների հետ՝ հնարավորինս նվազեցնելով կորոնավիրուսային հիվանդության տարածումը և նպաստելով հիվանդության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն:
Այնուհետև Արսեն Թորոսյանը ծանոթացել է Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի կարողություններին: Լաբորատորիան նախատեսված է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հատնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար և հնարավորություն է տալիս համաճարակաբանական և էպիզոտոլոգիական օջախներում 3-4-րդ խմբի միկրոօրգանիզմների նկատմամբ միկրոկենսաբանական հետազոտություններ իրականացնելու հեռավոր, դժվար հասանելի և ստացիոնար լաբորատոր ցանցով չհամալրված վայրերում:
Բացի այդ, լաբորատորիան ունի բացասական ճնշում ստեղծելու հնարավորություն, 2-րդ, 3-րդ կարգի կենսանվտանգության պահարաններ, ինչպես նաև հագեցված է օդափոխության համակարգով։
Հարկ է նշել, որ լաբորատորիայի տրամադրման համար հիմք է ծառայել 2 տարի առաջ Սարատովում կայացած հանդիպման ժամանակ` Արսեն Թորոսյանի և Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի պայմանավորվածությունը:
Leave a reply