Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրվա ամենամյա անցկացման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ (5.5. ամսաթիվը խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատը):
Աշխարհում գրիպի նոր ձևերի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկումների առումով` անձնական հիգիենայի, մասնավորապես` ձեռքերը լվանալու կարևորությունը հիմնական կանխարգելիչ միջոցառումների շարքում առաջին տեղում է:
ԱՀԿ-ի այս տարվա կարգախոսն է. «Միավորվե՛ք հանուն անվտանգության, մաքո՛ւր պահեք ձեռքերը»:
Ձեռքերի հիգիենան շարունակում է արդիական հարց մնալ առաջադեմ երկրների առողջապահության համակարգերում: Բժշկագիտության վերջին տվյալներով` բուժաշխատողների ձեռքերը գործնականում համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական գործոնը: Այդ պատճառով յուրաքանչյուր բուժաշխատող պետք է իմանա ձեռքերի հիգիենայի կանոնները, իսկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարները` թե ինչպես արդյունավետ կազմակերպել այդ կարևոր միջոցառումների համակարգը: Ժամանակակից գիտական հետազոտություններն ապացուցել են, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկն էլ համարվում է ձեռքերի հիգիենան:
ԱՀԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում ներհիվանդանոցային վարակները ախտահարում են միլիոնավոր պացիենտների և բուժաշխատողների: Այդ դեպքերի մեծ մասը կարելի է կանխարգելել ՎԿՀ-ի (վարակի կանխարգելում և հսկողություն) արդյունավետ մեթոդների և ծրագրերի օգնությամբ, ներառյալ` ձեռքերի հիգիենայի բարելավման ռազմավարությունները, որոնց շնորհիվ` կարելի է նաև կանխել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հետ կապված մահվան 4 դեպքից 3-ը:
Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և պացիենտների անվտանգության գրավականն է:
Leave a reply