Հեմոֆիլուսային Բ տիպի վարակը մանրէային ծանր հիվանդություն է: Հիմնականում հիվանդանում են մինչև 5 տարեկան երեխաները: Վարակը տարածվում է մարդուց մարդուն: Այն կարող է ախտահարել նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց: Այն դեպքում, երբ վարակը տեղակայվում է քիթ-ըմպանում, հավանականությունը մեծ է, որ հիվանդություն չի առաջանա, իսկ թոքեր և արյան հուն մուտք գործելուց կարող են առաջանալ լուրջ առողջական խնդիրներ՝ ինչպիսին է մանրէային մենինգիտը, թոքաբորբը, բկանցքի ծանր այտուցը, արյան վարակը, հոդերի, ոսկրերի և սրտամկանի ծանր ախտահարումները:

Մինչ հեմոֆիլուսային Բ տիպի վարակի դեմ պատվաստանյութի ի հայտ գալը ԱՄՆ-ում տարեկան մոտ 20 000 երեխա էր հիվանդանում այս վարակով, որոնցից 3-6%-ը մահանում էին:

Պատվաստանյութի ներդրումից հետո հեմոֆիլուսային Բ տիպով առաջացած ինվազիվ հիվանդությունները նվազել են 99%-ով:

Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցում 2009 թվականից ներդրվել է հեմոֆիլուսային Բ տիպի բաղադրիչով համակցված հնգավալենտ պատվաստանյութ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի): Պատվաստումները կատարվում են ըստ օրացույցի՝ մինչև մեկ տարեկանը 3 դեղաչափ և 18 ամսականում մեկ դեղաչափ:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ պատվաստումներով կառավարվող հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին իրականացվող պատվաստումների շնորհիվ կարելի է կանխարգելել հիվանդությունները և նրանցով պայմանավորված բարդությունները:

 

Leave a reply