2019 թ. Հայաստանում գրանցվել է կարմրուկի 2 բերովի դեպք: Կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել է փետրվարի 24-ին PS 611 չվերթով Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ, իսկ երկրորդ բերովի դեպքը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին Բրյուսելից՝ Վրաստանով: Երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը գործնականում հնարավոր չէ պարզել (հիվանդանոցների սպասասրահ, հետազոտությունների համար սպասող անձինք, թռիչքի ժամանման սրահում բազմաթիվ դիմավորողներ):
Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը և ավելի քան չորս տասնյակ մահվան դեպք է գրանցվել, իսկ Հայաստանում չկան կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր՝ շնորհիվ մեր երկրում պատվաստումների հաջող գործընթացի: Սակայն հանրապետությունում գրանցվում են կարմրուկի բերովի դեպքեր, որոնք տեղական տարածում չեն ստանում:
Հայաստանի Հանրապետությունում չեն գրանցվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ: Պատվաստումների շնորհիվ հանրապետությունում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանն ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր հաջողությամբ պահպանում է այս կարգավիճակը:
Աշխարհի մի շարք երկրներում՝ Հնդկաստան, Ուկրաինա, Վենեսուելա և այլն, ներկայում դիտվում է դիֆթերիայի հետ վերադարձ բռնկումների տեսքով՝ ուղեկցվելով մահվան դեպքերով:
Հայաստանում վերջին տասնամյակում դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվում: Հայաստանում չեն գրանցվում նաև փայտացման դեպքեր, իսկ կապույտ հազը և համաճարակային պարոտիտն (խոզուկ) արձանագրվում են եզակի դեպքերի տեսքով:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունեցող պատվաստանյութեր, որը ենթադրում է պատվաստանյութերի անվտանգություն և արդյունավետություն: Պատվաստանյութերը բոլոր մակարդակներում պահպանվում են սահմանված ջերմային ռեժիմի պայմաններում՝ ապահովելով ջերմային ռեժիմի մշտադիտարկման ինչպես առցանց հսկողություն՝ ազգային պահեստ, այնպես էլ էլեկտրոնային շուրջօրյա հսկողություն բոլոր պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում՝ բացառելով մարդկային գործոնը:
Leave a reply