Ռուսաստանի  Դաշնության առողջապահության  նախարարությունը  հայտնում է, որ համաձայն 2020 թվականի հունվարի 5-ի տվյալների Յակուտսկում արձանագրվել է կարմրուկի 68 դեպք, որոնցից 16-ը՝ այդ թվում 4 երեխա, գտնվում են հիվանդանոցում:

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 5-12–ը գրանցվել է կարմրուկի 16 դեպք: Մինչև դեկտեմբերի 24-ը հիվանդների թիվը հասել է 44-ի, որոնցից  13-ը երեխաներ են: Յակուտյայի պոլիկլինիկաներում ձևավորվել է 52 պատվաստումային կետ՝ կոնտակտավորներին արտահերթ պատվաստումներ կատարելու համար: Դեկտեմբերի 29-ին հիվանդների թիվն արդեն 51 էր, իսկ 17-ը հիվանդացել է 2020թ. առաջին շաբաթվա ընթացքում։

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ  հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Հարկ է նշել, որ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է։ 2019 թվականին հանրապետությունում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի յոթ դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված էին Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:

 

Աղբյուր՝ https://promedmail.org/promed-post/?id=6872103

Leave a reply