Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տվյալների համաձայն 2018 թ. առ այսօր տարածաշրջանի 53 երկրից 47-ում կարմրուկով հիվանդացել է 82.596 անձ, որոնցից 72-ն ավարտվել է մահվան ելքով: Կարմրուկի առավել անբարեհաջող իրավիճակ է Ուկրաինայում, Վրաստանում, Ալբանիայում, Չերնոգորիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում:
Նշենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատարալ և ցանային երևույթներով: Կարմրուկը մանկական վարակ է, ավելի հաճախ այն հանդիպում է վաղ մանկական և դպրոցական տարիքում։ Վերջին տարիներին հիվանդացությունն աճել է 16-17 տարեկանների և մեծահասակների շրջանում։ Այն հատկապես վտանգավոր է, քանի որ իր բարձր վարակելիության և արագ տարածման հնարավորությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մոտ 18 կոնտակտավորի:
Բռնկումները կանխելու նպատակով անհրաժեշտ է ապահովել պատվաստումներում բարձր ընդգրկվածություն և կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակ: Ընդգրկվածության նվազման դեպքում կարմրուկի բռնկումները կայծակնային են:
Leave a reply