Հայաստանում՝ ի թիվս Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ այլ երկրներում, մայիսի 31-ին նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ն օրը նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000 թ.-ից:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն ստեղծում են առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ:
Ծխախոտի գործածումն աշխարհում երբևէ ծագած, առողջության համար ամենանշանակալի սպառնալիքներից մեկն է: Այն ամեն տարի հանգեցնում է մոտ 6 միլիոն մահվան, որից ավելի քան 5 միլիոնը՝ սպառողների և նախկին ծխախոտ օգտագործողների և 600.000-ից ավելի չծխողների շրջանում, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը: Ամեն 6 վայրկյանում մեկ մարդ է մահանում ծխախոտի հետևանքով:
Աշխարհում մեկ միլիարդից ավելի ծխողների մոտ 80%-ը ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որոնց բաժին է ընկնում ծխախոտի հետ կապված հիվանդացության և մահացության ամենածանր բեռը: Ծխախոտ օգտագործողները վաղաժամ մահվան հետևանքով եկամուտից զրկում են իրենց ընտանիքներին, բարձրացնում են բժշկական օգնության ծախսերը և խոչընդոտում են տնտեսական զարգացմանը:
Ծխախոտի ծխում կան ավելի քան 4000 քիմիական նյութեր, որոնցից առնվազն 250-ը հայտնի են որպես վնասակար, և ավելի քան 50-ը՝ որպես քաղցկեղածին: Երկրորդային ծխի անվտանգ ազդեցություն գոյություն չունի:
Մեծահասակների շրջանում ծխախոտի երկրորդային ծուխը առաջացնում է լուրջ սրտանոթային և շնչառական հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն և թոքերի քաղցկեղ: Նորածին երեխաների մոտ այն առաջացնում է հանկարծամահություն: Հղիների մոտ բերում է ցածր քաշ ունեցող երեխաների ծննդի: Երեխաների գրեթե կեսը հասարակական վայրերում կանոնավոր կերպով շնչում է ծխախոտի ծխով աղտոտված օդը, իսկ 2004 թվականին ծխախոտի երկրորդային ծխից մահացության 28%-ը բաժին է ընկնում մանկական մահացությանը:
Leave a reply