Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարությունների դեռևս 2010 թվականից «ԽՈԶԱԳՐԻՊ» եզրույթն այլևս կիրառելի չէ: «ԽՈԶԱԳՐԻՊ» եզրույթը կիրառվում էր ՄԻԱՅՆ 2009 թվականին, երբ նույն կազմակերպության կողմից հայտարարվել էր համավարակ՝ պանդեմիա, որպես գրիպի Ա տեսակի նոր ենթատեսակ և ուներ համավարակ առաջացնելու ներուժ, քանի որ վերջինս նոր ձևավորված ԳՐԻՊԻ Ա տեսակի ենթատեսակ էր և «անծանոթ» էր մարդկության համար:
2010 թվականից գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ և այլևս ՉՈՒՆԻ համավարակ՝ պանդեմիա առաջացնելու ներուժ: Ավելին՝ վերջինս արդեն 10 տարի է շրջանառում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում:
Նշենք, որ գրիպի Ա տեսակի H1N1, H3N2 ենթատեսակների և գրիպի Բ տեսակի (դրանք ներկայումս, որպես մարդու գրիպի տեսակներ և ենթատեսակներ, շրջանառում են թե եվրոպական տարածաշրջանի երկրներում, և թե Հայաստանում) դեմ առկա է պատվաստանյութ, ինչով ապահովված են բոլոր բժշկական կազմակերպությունները, որն էլ համարվում է գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Ավելին, բժշկական կազմակերպություններն ապահովված են հետգրիպային բարդություններով պացիենտների բուժում ապահովող դեղով:
Այսօր հանրապետության որոշ բժշկական կազմակերպություններում գրիպի ախտորոշման նպատակով կիրառվում են արագ ախտորոշիչ թեստեր, այնինչ դրանք, համաձայն Առողջապահության համաշախարհային կազմակերպության, կողմնորոշիչ են և արդյունքում կարող են ապահովել հետազոտության ոչ ճիշտ արդյունքներ: Գրիպի ախտորոշումն իրականացվում է միայն լաբորատոր մասնահատուկ մեթոդով (պոլիմերազային շղթայական ռեակցիա), այն էլ ոչ ախտորոշման, այլ շրջանառող հարուցիչների պարզաբանման համար:
Հետևաբար՝ առաջարկվում է զերծ մնալ ոչ մասնագիտական և խուճապ հրահրող մեկնաբանություններից, հրապարակումներից և հետևել առողջապահության նախարարության հորդորներին և հայտարարություններին:
ՀԻՇԵՑՆԵՆՔ, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում (2019թ. հոկտեմբերից 2020թ. մայիս) և լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` դեռևս 2019 թվականի նոյեմբերից շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակները և գրիպի Բ տեսակի հարուցիչները:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հորդորում է.
- պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային։
Հայաստանում գրիպի իրավիճակի վերաբերյալ անցեք հետևյալ հղումով` http://old.moh.am/?fbclid=IwAR1gJkC2QHTcRIMRre8vomhCnw4xEpM6cuhMULFmHbOELZwXbXE6k4gz-ME#1/2571:
Leave a reply