Ծխախոտի օգտագործումը չարորակ նորագոյացությունների, մասնավորապես՝ շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկային գործոնն է: Ամբողջ աշխարհում չարորակ նորագոյացություններից մահացության մոտ 22%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ, իսկ 10-15%-ը` ծխախոտի երկրորդային ծխի վնասակար ազդեցությամբ:

Ծխախոտի նույնիսկ մեկ ծուխը պարունակում է այնպիսի թունավոր նյութեր, ինչպիսիք են բութանը, հեքսամինը, սոսինձը, շմոլ գազը, ամոնիումը, կադմիումը, նիկոտինը, մեթանոլը և մկնդեղը։

  • Բութանի ներթափանցումը շնչուղիներ առաջացնում է շնչահեղձություն և սրտային առիթմիա։
  • Հեքսամինի մեծ քանակությամբ կիրառումը կարող է առաջացնել ստամոքսի կամ միզապարկի գրգռվածություն։
  • Կադմիումի միացությունները թունավոր են։ Հատկապես վտանգավոր է կադմիումի օքսիդի (CdO) գոլորշիների ներթափանցումը շնչուղիներ։ Կադմիումի օքսիդի 2.5 գ/մ 3 պարունակությամբ օդի 1 րոպեի կամ 5 գ/մ3 ՝ 30 վայրկյանի ընթացքում անընդմեջ շնչելը մահացու է։
  • Նիկոտինը չափազանց թունավոր է միջատների և տաքարյուն կենդանիների համար։ Այն ունի նեյրոտոքսիկ ազդեցություն, և առաջացնում է նյարդային համակարգի կաթված (շնչառության կանգ, սրտի աշխատանքի դադարում, մահ)։ Մարդու համար միջին մահացու չափաբաժինը կազմում է 0.5-1 մգ/կգ։
  • Մեթանոլը նյարդային և անոթային համակարգի վրա ազդող թույն է։ 5-10 մլ մեթանոլի ընդունումը հանգեցնում է ծանր թունավորման, իսկ 30 գ և ավելիի դեպքում՝ մահվան։
  • Մկնդեղը և վերջինիս բոլոր միացությունները թունավոր են։ Մարդու համար մկնդեղի մահացու չափաբաժինը կազմում է 50-170 մգ (1.4մգ/կգ մարմնի զանգվածի)։

 

Leave a reply