Բնակչության շրջանում պատվաստումների կարևորության, խրախուսման և վստահության մթնոլորտի ապահովման, ինչպես նաև թեմայի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպվել է դասընթաց` «Երկարակեցություն բոլորին». պատվաստանյութերի դերն ու նշանակությունն առողջության և բարեկեցության համատեքստում» թեմայով:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը ներկայացրել է Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջողություններն ու մարտահրավերները, պատվաստանյութերի անվտանգության, ձեռքբերման և պատվաստումների պահանջարկի ձևավորման ու բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ընդգծելով, որ լրատվամիջոցները լավագույն գործընկերներն են առկա տեղեկատվությունը բնակչությանը հասանելի դաձնելու համար:
Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենի տեղակալ, իմունականխարգելման գործընթացի ղեկավար Անահիտ Պիվազյանը խոսել է առողջության առաջնային պահմպանման օղակի աշխատանքի կազմակերպման և մարտահրավերների վերաբերյալ, նշել գործնականում հանդիպող խնդիրներն ու բնակչության կողմից բարձրացվող հարցերը:
ԱՆ ՀՎԿԱԿ-ի մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) և պատվաստումային գործընթացով պայմանավորված առկա իրավիճակը:
Ներկաները կարևորել են պատվաստումների դերը բնակչության առողջության պահպանման գործում՝ նշելով, որ կոլեկտիվ իմունիտետի ձևավորման շնորհիվ ներկայումս շատ հիվանդություններ «մոռացության» են մատնվել:
Երկօրյա դասընթացն անցել է պանելային քննարկումների, տարվա ընթացքում համաճարակային իրավիճակի ամփոփ տեղեկատվության, պատվաստումային պահանջարկի ձևավորման, քաղած դասերի, ինչպես նաև լրագրողների հետ մտքերի փոխանակման ու հարցուպատասխանի ձևաչափով:
Leave a reply