Կրծքագեղձի քաղցկեղը կրծքագեղձի չարորակ նորագոյացություն է, որը կանանց մոտ չարորակ նորագոյացությունների խմբում զբաղեցնում է առաջին տեղը:
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում է կրծքագեղձի քաղցկեղով մինչև 1100 առաջնային հիվանդ, և ինչպես շատ երկրներում, Հայաստանում ևս նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության դեպքերի աճ: Հանրապետությունում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են 40-ից բարձր տարիքային խմբում, սակայն կարող են հիվանդանալ նաև երիտասարդները: Կրծքագեղձի քաղցկեղն ունի հիվանդության երկարատև նախակլինիկական շրջան և վաղ փուլերում հայտնաբերման պարագայում բուժումը շատ արդյունավետ է:
Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները բազմազան են՝ (ընտանեկան նախատրամադրվածություն), վաղաժամ կամ ուշացած դաշտանադադար, կրծքով չկերակրել, մարմնի ավելորդ քաշ և ճարպակալում, ցածր ֆիզիկական ակտիվություն, խրոնիկ սթրեսային իրավիճակներ, 40-ից բարձր տարիք, ծխախոտի, ալկոհոլի և անառողջ սննդի օգտագործում և այլն։
Կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է խուսափել ավելորդ քաշից՝ նվազեցնելով հատկապես բարձր կալորիականությամբ սննդամթերքի ընդունումը և պահպանել մարմնի նորմալ քաշը: Ինչպես նաև անհրաժեշտ է վարել ֆիզիկական ակտիվ կյանք։ Ֆիզիկական բարձր ակտիվությունը նվազեցնում է կրծքագեղձի առաջացման ռիսկը 30%-ով՝ անհրաժեշտ է օրական առնվազն 30 րոպե զբաղվել միջին ակտիվության ֆիզիկական վարժություններով /արագ քայլ, հեծանիվ կամ ռիթմիկ կրկնվող` աէրոբիկ վարժություններ/: Անհրաժեշտ է նաև հրաժարվել ծխելուց և չչարաշահել ոգելից խմիչքների օգտագործումը։ Ծխելը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է նաև պարբերաբար ենթարկվել բժշկական զննման. 40-ից բարձր տարիքում տարին մեկ անգամ, իսկ ընտանեկան նախատրամադրվածության դեպքում` սկսած 30 տարեկանից:
Leave a reply