Լեյշմանիոզները պատկանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված «Վերացված (մոռացված) վարակիչ հիվանդություններին», որոնք, սակայն, վերջին ժամանակահատվածում նորից տարածում են ստանում:
Աշխարհի ավելի քան 98 երկրներում ամեն տարի արձանագրվում է լեյշմանիոզի 2 մլն դեպք:
Լեյշմանիոզների հարուցիչները մակաբույծներ են: Վարակի աղբյուրը հիմնականում հիվանդ շներն են:
Լեյշմանիոզների փոխանցումը տեղի է ունենում մլակների միջոցով, որոնք հիմնականում ձվադրում են օրգանական նյութերով հարուստ վայրերում (աղբարկղեր, աղբախցիկներ, աղբակույտեր): Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերվել է լեյշմանիոզը փոխանցող մլակների 12 տեսակ:
Նախկինում Հայաստանում արձանագրվել են լեյշմանիոզի ինչպես ընդերային, այնպես էլ մաշկային ձևերը: Ներկայում հանրապետությունում արձանագրվում են միայն ընդերային լեյշմանիոզի դեպքեր՝ հիմնականում Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում:
Ընդերային լեյշմանիոզի վարակի աղբյուրի վերացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն Երևանի քաղաքապետարանի հետ՝ շների նկատմամբ միջոցառումներ իրականացնելիս, դրանց հետազոտել նաև լեյշմանիոզի նկատմամբ:
Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է իրականացնել աղբահանման աշխատանքների բարելավում, բակերի, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների՝ կիսակառույցների բարեկարգում, դրանցում օրգանական աղբի մաքրման աշխատանքներ: Անհրաժեշտ է պարբերաբար և ժամանակին հեռացնել կենցաղային թափոնները՝ կանխելով աղբակույտերի առաջացումը, քանի որ մլակները բազմանում են հենց օրգանական աղբի կուտակումներում:
Լեյշմանիոզից խուսափելու համար անհրաժեշտ է պաշտպանվել մլակների խայթոցից` մանրավանդակ ցանցով ցանցապատելով բնակարանների դռներն ու պատուհանները, մարմնի բաց մասերը ծածկել հագուստով, կամ մաշկը մշակել հատուկ վանող նյութերով:
Ընտանի շներ ունենալու դեպքում անհրաժեշտ է ուշադիր լինել և շների լեյշմանիոզի ախտանշաններ (մազաթափություն, վերքեր դեմքի վրա, արյունահոսություն քթից) հայտնաբերելու դեպքում դիմել անասնաբույժի օգնությանը՝ շների հետազոտություններ իրականացնելու նպատակով:
Նշենք, որ հիվանդության հիմնական նշաններն են` անկանոն տենդ, ավշային հանգույցների մեծացում, մոմագույն մաշկ, ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն, քաշի անկում: Ընկալունակությունը վարակի նկատմամբ բարձր է բոլոր տարիքային խմբերում, բայց առավել խոցելի խումբ են երեխաները:
Վաղ ախտորոշման և համապատասխան բուժման դեպքում հիվանդության ելքը բարվոք է, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լեյշմանիոզի ախտանշանները յուրահատուկ չեն, երեխաների մոտ անկանոն ջերմության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի ժամանակին ախտորոշվի կամ հերքվի հիվանդությունը և հիվանդը ստանա համապատասխան բուժում:
Leave a reply