Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ էշերիխիոզներով պայմանավորված դեպքերը նախորդ տարվա համեմատ ունեն աճման միտում՝ կլինիկական առավել ծանր ընթացքով դեպքերի ուղղությամբ։ Դեպքերի գերակշիռ մասի առաջացման հիմնական աղբյուրը սննդամթերքի օգտագործումն է (մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն), ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հետ շփման ընթացքում անձնական հիգիենայի կանոնները չպահպանումը:
Էշերիխիոզներով չվարակվելու և հիվանդության կլինիկական բարդություններից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է.
- մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,
- սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
- սննդամթերքը պահպանել պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
- չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,
- բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
- սննդամթերքը պահել փակ տարաներում և պատշաճ ջերմային պայմաններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով,
- առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ,
- եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա չզբաղվել ինքնաբուժմամբ, անտեղի չօգտագործել հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը:
Նշենք, որ էշերիխիաները մանրէների մեծ խումբ են, որոնք բնակվում են մարդու և տաքարյուն կենդանիների աղիներում՝ կազմելով վերջիններիս միկրոֆլորայի հիմնական բաղադրիչը: Էշերիխիաները հիմնականում անվտանգ են ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների համար, սակայն դրանց մի մասն ախտածին են և մարդու մոտ առաջացնում է էշերիխիոզ հիվանդությունը: Վերջինս ընթանում է հիմնականում աղիների ախտահարումով, սակայն կարող են առաջանալ նաև ամենատարբեր արտաաղիքային ախտահարումներ:
Ախտածին էշերիխիաները դասակարգվում են 5 խմբի: Այսօր առավել մեծ ուշադրության է արժանացել Էնտերոհեմոռագիկ աղիքային ցուպիկը, որն առաջացնում է սուր աղիքային վարակ` ախտահարելով առավելապես հաստ աղին: Ընթանում է հեմոռագիկ դիարեայով (հեմոկոլիտ) և արտահայտված ինտոքսիկացիայով:
Էնտերոհեմոռագիկ աղիքային ցուպիկը կայուն է արտաքին միջավայրում, երկար պահպանվում է հողում, ջրում, դիմանում է չորացմանը, բազմանում է պտուղ-բանջարեղենի վրա և, հատկապես, կաթում: Ոչնչանում են 70°C պայմաններում 15 րոպեի ընթացքում:
Էշերիխիոզները պատկանում են զոոնոզ հիվանդությունների շարքին: Վարակի աղբյուրը խոշոր եղջերավոր կենդանիներն են և հիվանդ մարդը: Չի բացառվում նաև քողարկված կամ ջնջված կլինիկայով հիվանդների, ինչպես նաև մանրէակիրների դերը: Վերջիններս առավել վտանգ են ներկայացնում այն դեպքերում, երբ աշխատում են սննդի կազմակերպություններում:
Էշերիխիոզը հանդիպում է բոլոր տարիքի անձաց մոտ, հիմնականում մինչև 5 տարեկան երեխաների և ծերերի շրջանում: Ներկայումս դեպքերն արձանագրվում են նաև միջին տարիքի անձանց շրջանում, որոնց 2/3-ը կազմում են կանայք:
Էշերիխիոզի կանխարգելման հիմնական միջոցը հասարակական սննդի կազմակերպություններում և ջրամատակարարման կազմակերպություններում սանիտարահիգիենիկ պահանջների պահպանումն է։
Leave a reply