Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր, որոնք հիմնականում պայմանավորված են կրծողասպան նյութերի անզգույշ կիրառմամբ։
2018 թ.-ին 2017 թ.-ի համեմատ կրծողասպան նյութերից թունավորման հիվանդացության ցուցանիշն աճել է 2.3 անգամ (2017թ. գրանցվել էր 24 դեպք, 2018 թ.՝ 56 դեպք)։
Թունավորումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է.
- Օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
- Լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
- Օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ թունաքիմիկատի հետ աշխատելիս (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ),
- Լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին,
- Չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
- Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ,
- Պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ մատչելի վայրերում,
- Չպահել թունավոր նյութերը և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում,
- Պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
- Չօգտագործել թերություններ ունեցող սարքավորումներ,
- Չփչել հեղուկացրի (սրսկիչ սարքի) խցանված ծայրադիրի մեջ։