Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ:
Ցավոք, կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են, 1 պացիենտի` «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, կատարվում են անհրաժեշտ բուժական միջոցառումները:
Արմավիրի մարզի 1 բնակիչ նույն ախտանշաններով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել:
Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ, կրկին նույն ախտանշաններով, որոնք ևս մահացել են:
Փաստացի, այս պահի դրությամբ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»:
Թունավորման կասկածով 1 պացիենտ էլ գտնվում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Նշենք, որ տվյալները նախնական են, կատարվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների և տուժածների առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Leave a reply