ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ
Կատաղությունը (հիդրոֆոբիա) — վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով:
Կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:
Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, իսկ կենցաղում` ընտանի (շներ, կատուներ) և գյուղատնտեսական կենդանիները (խոշոր եղջերավոր կենդանիներ):
Մարդու համար վարակի աղբյուր համարվում են հիվանդության գաղտնի շրջանում գտնվող կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները:
Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:
Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում):
Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի:
Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է կենդանիների (հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի) կողմից տուժելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումներ ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու նպատակով:
⚠️ Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է.
✅ կենդանու կողմից հարձակման ենթարկվելու դեպքում անհապաղ դիմել բժշկի,
✅ պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների,
✅ վայրի կենդանիներին մոտ չթողնել կենդանիների հոտին, գոմերին,
✅ տնտեսությունը սպասարկող անասնաբույժներին անհապաղ հայտնել կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին,
✅ չգնել և չխնամել շներ՝ առանց անասնաբույժի տեղեկանքի՝ կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ։