Կորոնավիրուսային հիվանդության և դրա «Դելտա» շտամի տարածման մեծ, իսկ պատվաստման ցածր տեմպերը ստիպում են տարբեր երկրների կառավարություններին COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձնել բուժաշխատողների և ռիսկի խմբերում գտնվող անձանց համար:

Անգլիական Reuters-պարբերականի անդրադարձը.

Ավստրալիա

Ավստրալիան հունիսի վերջին COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձրել է տարեցների խնամքով զբաղվող աշխատողների և կարանտինային հյուրանոցների աշխատակիցների համար: Պատվաստումը պարտադիր է դարձել նաև Պարաօլիմպիկ մարզական մրցաշարին մասնակցող` Տոկիո մեկնած մարզիկների համար:

Մեծ Բրիտանիա

Անգլիայում խնամքի տան աշխատողների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա հոկտեմբերից:

Ֆրանսիա

Հուլիսի 12-ին Մակրոնը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 15-ը Ֆրանսիայում բոլոր բուժաշխատողները պարտադիր կպատվաստվեն: Բացի այդ, նրանք, ովքեր ցանկանում են կինոթատրոն գնալ կամ գնացք նստել, պետք է պատվաստման ապացույց կամ թեստի բացասական պատասխան ներկայացնեն:

Հունաստան

Հունաստանը հուլիսի 12-ին պատվաստումները պարտադիր է դարձրել ծերանոցների աշխատողների համար, սեպտեմբերից` նաև բուժաշխատողների համար: Միայն պատվաստվածները կկարողանան այցելել բարեր, կինոթատրոններ և այլ փակ տարածքներ:

Ինդոնեզիա

Ինդոնեզիան COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր է դարձրել փետրվարին, ավելին` մայրաքաղաք Ջակարտայում պատվաստումից հրաժարվողները տուգանվում են 357 դոլարի չափով:

Իտալիա

Իտալիայի կառավարության կողմից մարտին հաստատված հրամանագրով առողջապահության ոլորտի աշխատողները` ներառյալ դեղագործները, պարտադիր պատվաստվում են:

Ղազախստան

Ղազախստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ պարտադիր պատվաստման կամ ամենշաբաթյա թեստավորման կարգ կհաստատվի` 20-ից ավելի մարդկանց խմբում աշխատող անձանց համար:

Լեհաստան

Լեհաստանը պատրաստվում է ռիսկային խմբի անձանց համար օգոստոսից COVID-19-ի դեմ պատվաստումները դարձնել պարտադիր:

Ռուսաստան

Հունիսի վերջին Մոսկվան նոր կարգ է մտցրել, որի համաձայն` սրճարանները, ռեստորանները կսպասարկեն միայն պատվաստման վկայական կամ թեստավորված քաղաքացիներին:

Բացի այդ, Ռուսաստանը ծրագրում է սպասարկման ոլորտի աշխատողների 60%-ի համար պատվաստման պարտադիր պահանջ մտցնել մինչև օգոստոսի 15-ը:

Աղբյուրը` reuters.com

Leave a reply