ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ ՌԴ առողջապահության նախարարության կողմից մոր և մանկան առողջության բարելավմանն ուղղված միջազգային նախագծի շրջանակներում այսօր կայացել է մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների և անեսթեզիոլոգների համար կազմակերպված երկշաբաթյա գիտագործնական գիտաժողովի փակման արարողությունը:
Նշենք, որ շուրջ 10 տարի է, ինչ երկու երկրի առողջապահության նախարարությունների համագործակցության արդյունքում այս ոլորտում իրականացվում է մասնագիտական վերապատրաստումների շարք` մասնագետների համար: Յուրաքանչյուր տարի 15 մանկաբարձ-գինեկոլոգ, նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ հնարավորություն է ստացել այցելելու ՌԴ ԱՆ «Ակադեմիկոս Վ. Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտական կենտրոն` երկշաբաթյա դասընթացների ընթացքում իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով:
Այս տարի մասնագիտական վերապատրաստումների ձևաչափը փոքր-ինչ փոխվել է. երկշաբաթյա դասընթացներն անցկացվել են Հայաստանում, ինչի շնորհիվ 75 մանկաբարձ-գինեկոլոգի, նեոնատոլոգի, անեսթեզիոլոգի հնարավորություն է տրվել ներգրավվել կրթական գործընթացում:
Գիտագործնական գիտաժողովի ընթացքում հայ մասնագետներին տրամադրվել են թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ` բարձրակարգ սիմուլյացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ:
ՌԴ ԱՆ «Ակադեմիկոս Վ. Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի ուժերով և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ երկշաբաթյա գիտագործնական գիտաժողովի ընթացքում ստացված գիտելիքները, ռուս գործընկերների հետ հաստատած մասնագիտական համագործակցությունը վստահաբար կնպաստեն Հայաստանում մայրական և նորածնային մահացության, հիվանդացության նվազեցմանը:
Leave a reply