Եվրոպական միությունն (ԵՄ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 համավարակի արձագանքմանն ուղղված շարունակական աջակցության շրջանակում այսօր սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ): Սառցարան-մեքենան հերթական ներդրումն է՝ պատվաստանյութերի պատշաճ պահեստավորումն ու տեղափոխումը Հայաստանի ամբողջ տարածքում ապահովելու համար:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՎԿԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ազգային փորձագետ Հենրիկ Խաչատրյանը մասնակցել են սառցարան-մեքենայի պաշտոնապես փոխանցման արարողությանը։
«ԵՄ-ն շարունակում է մասնակցել ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերի ամրապնդմանը և COVID-19-ի հաղթահարմանն ուղղված ջանքերին։ Գիտական առաջընթացի շնորհիվ պատվաստանյութերն այդ նպատակին ծառայող ամենաարդյունավետ միջոցներից են, և մենք պետք է երաշխավորենք, որ դրանք ապահով և արդյունավետ կերպով հասնեն մարդկանց: Այսպիսով, սառնարանային բեռնատարը ևս մեկ ներդրում է պատշաճ սառնարանային սարքավորումների ապահովման և ողջ Հայաստանի տարածքով պատվաստանյութերի տեղափոխման գործում», — նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Սառցարան-մեքենայի, ինչպես նաև արդեն տրամադրված 30 բժշկական սառնարանների և 4 բարձր ջերմաստիճանի սառցարանների միջոցով ապահովվելու է պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը պահեստներից մինչև մարզային կենտրոններ և առողջապահական հաստատություններ:
Սառցարան-մեքենայի տարողությունը 9 խմ է։ Մեքենայի սառնարային կարողությունները փոփոխվել և համապատասխանեցվել են ԱՀԿ պահանջներին։ Սառցարան-մեքենան ունի առանձին էլեկտրական ապահովում և դիզելային գեներատոր՝ շաբաթը 7 օր 24 ժամ պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունն ապահովելու համար, նաև արտակարգ իրավիճակների և էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում:
«Վերջին շրջանում ամբողջ աշխարհում համավարակի թվերի հաստատուն աճ է գրանցվում: Մեր վիճակագրությունը ևս անհանգստացնող է: Մենք, ինչպես պատվաստումային գործընթացի մեկնարկից առաջ, այնպես էլ այսօր, վստահ ենք, որ պատվաստումները գործուն միջոց են համավարակի դեմ պայքարում: Սակայն պատվաստանյութերի հասանելիությունից բացի, պետք է հոգալ նաև մարզային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա հասնող պատվաստանյութի պահման ճիշտ պայմանների մասին: Մեր գործընկերների նվիրաբերած այս սառցարան-մեքենան թույլ կտա բաշխումն իրականացնել առավել անվտանգ ու արդյունավետ պայմաններով»․ — նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Ներկայումս մարզերում բաշխումն իրականցվում է կենտրոնացված, սակայն ոչ սառնարան-մեքենաներով: «Այսօր Եվրամիության և ԱՀԿ աջակցությամբ երկրի իմունականխարգելման ազգային ծրագիրը հերթական անգամ հնարավորություն է ստանում հզորացնելու իր կարողությունները՝ որպես շարունակություն նախորդ օժանդակությունների»,- ասել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան նշել է․ «ԵՄ ֆինանսավորման, ինչպես նաև ՀՎԿԱԿ-ի և ԱՆ-ի հետ արդյունավետ համագործացության շնորհիվ, ԱՀԿ-ին հնարավորություն է տրվել իր նյութատեխնիկական աջակցությունը հաջողությամբ տրամադրել Հայաստանին COVID-19 համավարակին դիմակայելու համար։ Պատվաստումն առավել ծախսարդյունավետ և ապացուցված միջոցներից է ավելի առողջ և երկարատև կյանք և գործող հանրային առողջապահական համակարգեր ունենալու համար: Կարևոր է ապահովել այն, որ պատվաստանյութերը լինեն անվտանգ և արդյունավետ երկրի ողջ տարածքում։ Այժմ, երբ COVID-19-ը շարունակում է տարածվել և կյանքեր խլել, պատվաստված լինելը չափազանց կարևոր է։ Այդ կերպ Դուք պաշտպանում եք Ձեզ հիվանդության ծանր ընթացքից և այն մարդկանց, ում մասին հոգ եք տանում՝ Ձեր ընտանիքին, ընկերներին, հարևաններին և համայնքին»։
Նվիրատվությունն ավելի մեծ աջակցության մի մաս է։ Այդ աջակցությունը տրամադրվում է «ԵՄ և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից իրականացվող COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիության ապահովման և պատվաստումների իրականացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ https://moh.am
Leave a reply