Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է կորոնավիրուսային հիվանդության, պատվաստանյութերի ու պատվաստումների ընթացքի վերաբերյալ:
Մինչև 2021 թվականի հուլիսի 7-ը Հայաստանի Հանրապետություն է ներկրվել COVID-19-ի դեմ 279460 դեղաչափ պատվաստանյութ, որից 26,6%` 74400 դեղաչափ անգլո-շվեդական արտադրության «ԱստրաԶենեկա» (37200 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 8-12 շաբաթ միջակայքով), 37,5%` 105060 դեղաչափ ռուսական արտադրության «Սպուտնիկ-ՎԻ» (52530 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, առնվազն 21 օր միջակայքով), 35,7%` 100000 դեղաչափ չինական արտադրության «ԿորոնաՎակ»՝ (50000 մարդու համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 28 օր միջակայքով):
Նշենք, որ հուլիսի 7-ին ստացվել է ևս 15000 դեղաչափ «Սպուտնիկ-ՎԻ» պատվաստանյութի առաջին բաղադրիչ՝ 15000 անձի համար:
Հանրապետության մարզերի և Երևանի բոլոր առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են բավարար քանակության նշված 3 պատվաստանյութերով:
COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, անվճար: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին: Շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Պատվաստումներ են իրականացվում նաև շարժական պատվաստումային կետերում, որոնք տեղակայված են Երևանի Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում:
Պատվաստման ցուցանիշներն` ըստ մարզերի (% ըստ բնակչության թվի, հուլիսի 8-ի դրությամբ).
Արագածոտն | 3315 | 2.7% |
Արարատ | 8482 | 3.3% |
Արմավիր | 7050 | 2.7% |
Գեղարքունիք | 7086 | 3.1% |
Լոռի | 7846 | 3.7% |
Կոտայք | 7266 | 2.9% |
Շիրակ | 7815 | 3.4% |
Սյունիք | 3192 | 2.4% |
Վայոց ձոր | 1160 | 2.4% |
Տավուշ | 2412 | 2.0% |
Երևան | 47693 | 4.4% |
Ընդամենը | 103317 | 3.5% |
Հայաստանում COVID-19-ի դեմ անվճար կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: 2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում, ովքեր ցանկություն կունենան պատվաստվելու, պատվաստումներն կիրականացվեն միայն, եթե վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու են Հայաստանի Հանրապետությունում: Պատվաստումը կիրականացվի անգլոշվեդական «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, 2021 թվականի հուլիսի 9-ից` միայն Երևանում ծավալված շարժական պատվաստումային կետերում:
Հուլիսի 8-ի դրությամբ` հանրապետությունում կատարվել է 103317 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 74479, որից` 33850 «ԱստրաԶենեկա», 17657 «Կորոնավակ», 22972 «Սպուտնիկ-Վի», երկրորդ դեղաչափ` 28838, որից՝ 6025 «ԱստրաԶենեկա», 5218 «Կորոնավակ», 17595 «Սպուտնիկ-Վի»:
Leave a reply