Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն աշխարհում շարունակվում է կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը:

Վերջին տասներկու ամիսների ընթացքում կարմրուկի առավել շատ դեպքեր գրանցվել են Մադագասկարում (213287 դեպք), Ուկրաինայում (57282 դեպք), Ֆիլիպիններում (47722 դեպք), Նիգերիայում (28260 դեպք), Բրազիլիայում (19326 դեպք) և Ղազախստանում (13326 դեպք): Հիվանդացության բարձր ցուցանիշ է գրանցվել նաև Վրաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Նոր Զելանդիայում, Ղրղզստանում և այլն:

Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է։ 2007 թվականից սկսած Հայաստանում չեն գրանցվում կարմրուկի տեղական դեպքեր։ 2019 թվականին հանրապետությունում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի 7 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված էին Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ:

Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:

 

Leave a reply